Ռոբերտ Քոչարյանի Մոսկվայից վերադարձից հետո սպասվում է արմատական ընդդիմության կամ, այսպես ասած, 17-ի ձևաչափի լիդերների նոր հանդիպում: Մոսկվա մեկնելուց առաջ տեղի ունեցած հանդիպումը չէր տվել արտահերթ ընտրության վերաբերյալ դիրքորոշումների մերձեցմանն առնչվող խնդրի լուծում: Դրանից հետո Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Մոսկվա, իսկ Հայաստանում ՌԴ դեսպանն էլ հանդիպում է խնդրել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ Մոսկվան ստանձնել է Հայաստանում 17-ի ձևաչափի հակասությունների արբիտրի դեր: Մի բան անկասկած է, որ այդ ձևաչափն իր գործողություններում գոնե առայժմ հենվում է ոչ թե հանրային, այլ ռուսական տնտեսա-քաղաքական որոշակի խմբերի կամ էլիտաների աջակցության վրա, թերևս այն պարզ պատճառով՝ նվազագույնը, որ հանրային աջակցություն ձևաչափը այդպես էլ չստացավ: Թե ինչու չստացվեց այդ աջակցությունը, պատճառները բավականին պարզ են: Ինչ հանգուցալուծում կապահովի «ռուսական արբիտրաժը» հայաստանյան արմատական ընդդիմության համար, կամ կապահովի՞ արդյոք, թե՞ ներքին տարակարծությունները այնքան խորն են, իսկ հանրային աջակցությունն այնքան մակերեսային, որ հանգուցալուծումը վեր է անգամ ռուսական ուժից:
Միևնույն ժամանակ, մեծ է հավանականությունը, որ Ռուսաստանը որևէ մակարդակում՝ Կրեմլից մինչև առանձին տնտեսական և քաղաքական խմբեր, չունի Հայաստանում նախկին կառավարող համակարգի ճակատագրի հավաքական հանգուցալուծման մտադրություն: Ակնառու է, որ Մոսկվայում վերից վար հետաքրքիր և նշանակալի է դիտվում Հայաստանում գործընթացն ինքնին, և դրանում որքան շատ է շահերի բախումը, և բազմազան են բաժանարար գծերը, այնքան առավել էֆեկտիվ է իրականացվում գործընթացի կառավարումը Ռուսաստանից:











































