Նախօրեին ռուս խաղաղապահները տեղեկություն են տարածել, որ մեկ օրում Արցախ է վերադարձել 96 տեղահանված: Ընդհանուր առմամբ, նոյեմբերի 9-ից ի վեր այդ թիվը 51 947 է: Շատ է դա, թե քիչ, թվում է, թե հարաբերական հարց է: Ըստ տեղեկությունների՝ Հայաստանում շարունակում են մնալ Արցախից տասնյակ հազար տեղահանվածներ, այդ թվում՝ մարդիկ, որոնք կորցրել են տունը Շուշիում և պատերազմի հետևանքով ադրբեջանական օկուպացիայի տակ մնացած այլ արցախյան տարածքներում: Մինչդեռ, Արցախ հայկական բնակչության վերադարձի խնդիրը լոկ վիճակագրական հարց չէ: Արցախի հայկական բնակչության հարցը ռազմա-քաղաքական է, աշխարհաքաղաքական, անվտանգային: Ժողովրդագրությունը միշտ եղել է ու կա՝ իբրև աշխարհաքաղաքական պայքարի և դիմակայությունների առանցքային գործիք: Դրա բազմաթիվ օրինակները մեր շուրջ են, տարբեր երկրներում դրսևորվելով տարբեր կերպ: Ժողովրդագրությունն, օրինակ, Թուրքիայի առանցքային զենքն է Ռուսաստանի դեմ, ինչի դրսևորումը մենք տեսել ենք 2020 թվականի փետրվարին, երբ Էրդողանի խորհրդականը սպառնաց, թե 25 միլիոն մահմեդականով կքանդեն Ռուսաստանը ներսից: Այդպես է նաև Թուրքիան քայլ առ քայլ ներխուժել ՌԴ կենսական տարածք՝ Կովկաս, հայկական կյանքերի և տարածքների հաշվին: Այդ պատերազմում վերջին նշանակություն չի ունեցել նաև Արցախի հայկական դեմոգրաֆիան:
Մոտ 12 հազար քառակուսի կիլոմետր տարածքով, Արցախի թեկուզ չճանաչված հանրապետությունում, 150 հազարի փոխարեն՝ առնվազն երկու-երեք անգամ ավելի բնակչություն լինելու պարագայում էապես տարբեր էին լինելու հարցի ռազմա-քաղաքական, դիվանագիտական համատեքստն ու շերտերը: Նաև դրա համար էր Ալիևը տարիներ շարունակ տաք պահում փախստականների հանգամանքը՝ ամեն տեղ խոսելով այդ մասին: Հայկական պետական և մերձիշխանական շրջանակները տարիներ շարունակ հեգնում էին, թե Ալիևը մի երգ գիտե 20 տոկոս տարածքի կորստի և 1 միլիոն փախստականի մասին: Մինչդեռ, Ալիևը հայկական քաղաքական ղեկավարությունից լավ էր պատկերացնում ժողովրդագրական խաղաքարտի նշանակությունը: Այն դեպքում, երբ 2004-2005 թվականներին հայկական քաղաքական ղեկավարությունը «հպարտությամբ» հայտարարում էր, թե ԵԱՀԿ մոնիթորինգի խումբը, այցելելով ազատագրված տարածքներ, դրանցում չի արձանագրել բնակեցման գործընթաց: Այսօր մենք խոսում ենք գիտություն-ռազմարդյունաբերություն շղթայի տապալման, տասնամյակ շարունակ այդ կարևորագույն և կենսական հարցերը բաց թողնելու մասին, մինչդեռ, հայկական անվտանգության բազմազանության և ինքնաբավության աստիճանի հարցում քիչ նշանակություն չի ունեցել և այն, որ խորքային առումով տապալվել է ազատագրված Արցախի բնակեցման գործընթացը:
Ներկայումս, ծանր պարտությունից և տարածքների կորստից հետո այդ հարցը ոչ միայն չի կորցրել հրատապությունը, այլ դարձել է առավել կենսական ու կարևոր, միաժամանակ նաև ձեռք բերելով նոր բարդություններ ու արգելքներ՝ թե՛ կոմունիկացիոն առումով, թե՛ հոգեբանական: Բայց չկա այդ արգելքները հաղթահարելուն ուղղված անմնացորդ ջանքին այլընտրանք: Դա պետք է լինի հայկական պետականության կարևորագույն խնդիրներից մեկը, գերխնդիրներից մեկը: Պետք է առավելագույնս ապահովել ֆիզիկական և սոցիալ-տնտեսական անվտանգության երաշխիքներ և բնակեցնել Արցախը, ընդ որում՝ պատրաստ լինելով ընդհուպ «էքսպանսիոն» տրամաբանությամբ ժողովրդագրական քաղաքականության: Համենայնդեպս, ակնառու է, որ Բաքուն դիտարկում է Հայաստանին ու Արցախին հենց այդ բնույթի և տրամաբանության մարտահրավեր թելադրելու տարբերակը, հետևաբար՝ դրան պատրաստ չլինելը նշանակելու է պարտվել նաև խաղաղությունը, ինչը միայն ու միայն բերում է պատերազմի հասունացման: Անցյալ քառորդ դարը եղավ դրա ցավագին և ողբերգական վկայությունը:









































