Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին և այդ իսկ պատճառով Արցախի դեմ պատերազմի օրերին չի գործարկվել ՀԱՊԿ մեխանիզմը, մասնավորապես դրա կանոնադրության չորրորդ կետը, որը հավաքական պաշտպանության մասին է: Այդ միտքը հերթական անգամ հնչեցրել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, պատասխանելով դրա վերաբերյալ լրագրողների հարցերին: Զասի հայտարարությունն իր հերթին, բնականաբար, առաջացնում է հարց՝ կամ ուղիղ, կամ նվազագույնը հռետորական, թե ինչու Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին, եթե պատերազմի օրերին թիրախավորվել է նաև Հայաստանի տարածքը: Այդ հարցի պատասխանը թերևս պետք է փնտրել Հայաստանի մեկ այլ դիմումի համատեքստում:
Հայաստանը դիմեց Ռուսաստանին ռազմա-քաղաքական պայմանագրին համահունչ խորհրդակցություն սկսելու համար: Եվ ի՞նչ, Ռուսաստանն, իհարկե, հավաստիացրեց, որ հավատարիմ է պայմանագրին և կպաշտպանի Հայաստանին պետական սահմանի դեմ որևէ ոտնձգության պարագայում: Որևէ կերպ տարբերվելո՞ւ էր ՀԱՊԿ արձագանքը: Իհարկե՝ ոչ: Այստեղ կասկած իսկ չկա, և ընդհանրապես անհեթեթ է թերևս մտածել, թե Բելառուսը, Ղրղզստանը, Ղազախստանը, Տաջիկստանը Հայաստանին ռազմական աջակցություն էին ցուցաբերելու ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի: Այլ կերպ ասած, անհեթեթություն է մտածել, թե կա ՀԱՊԿ: Եվ այդ իմաստով, թերևս պետք է վերաձևակերպել հարցը: Ոչ թե՝ «ինչու Հայաստանը չդիմեց ՀԱՊԿ»-ին, այլ «ինչո՞ւ Հայաստանը չպայթեցրեց ՀԱՊԿ փուչիկը»: Որովհետև այդ իրողությունների պարագայում դիմել ՀԱՊԿ-ին, նշանակում է հերթական անգամ ցույց տալ, որ այդ դաշինքը ընդհանրապես թքած ունի Ադրբեջանից դեպի Հայաստան եկող սպառնալիքների վրա: Իսկ առաջին անգամ դա խոսուն ցույց էր տվել Սերժ Սարգսյանը 2015 թվականին, Մոսկվայում ՀԱՊԿ ոչ պաշտոնական վեհաժողովի ժամանակ դիմելով այդ կառույցի անդամ երկրների նախագահներին և ասելով, թե հեռախոսը անգամ չեն վերցնում զանգահարելու դաշնակից Երևան և հետաքրքրվելու, թե ինչ հարցեր կան անվտանգային առումով: Ի դեպ, Հայաստանը կարող է այժմ դիմել ՀԱՊԿ-ին՝ Սյունիքում զորավարժություն անցկացնելու համար, օրինակ, հակաահաբեկչական: Հետաքրքիր է, գոնե զուտ Հայաստանի մարտահրավերներն արտացոլող զորավարժության այդ «դաշինքն» ունա՞կ է:
Լուսանկարը՝ Armeniasputnik-ի









































