Հայաստանը վերածվել է ռուսական պրոտեկտորատի, իր վերջին հարցազրույցում հայտարարեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որն ըստ էության հայտարարեց նաև, այսպես ասած, 17-ի արմատական ձևաչափից դե ֆակտո դուրս գալու մասին: Դրա վկայությունն այն էր, որ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց արտահերթ ընտրությանը իր թիմով մասնակցելու մասին՝ նշելով, թե՝ եթե իշխանությունը գնա արտահերթի առանց վարչապետի հրաժարականի, ապա չմասնակցելն այդ ընտրությանը համարում է սխալ: Ռոբերտ Քոչարյանի և 17-ի ներսում հարաբերության թեման փոքր-ինչ այլ է, ինչին անդրադարձել եմ տարբեր առիթներով: Անդրադարձի նոր առիթներ, անշուշտ, կլինեն: Այս պարագայում հետաքրքրության է արժանի այն, որ երկրորդ նախագահ Քոչարյանը խոսում է այն մասին, որ Հայաստանը դարձել է ռուսական պրոտեկտորատ, և խոսում է այդ հանգամանքի առումով իշխանության հասցեին դիտողության տոնայնությամբ: Անկասկած է, որ նա իրավացի է: Դե ֆակտո Հայաստանը հայտնվել է Ռուսաստանից գերլարվածության մեջ, թեև խորքային իմաստով, ինչպես ցույց է տվել իրադարձությունների զարգացումը, Հայաստանը այդ գերլարվածության մեջ եղել է միշտ: Եվ դա իր վրա զգացել է նաև հենց Ռոբերտ Քոչարյանը, երբ Հայաստանի նախագահ էր:
Բանն այն է, որ Հայաստանի համար սկզբունքային, վճռորոշ հարցերում Ռուսաստանի վերաբերմունքը փաստացի չի հանդիպել որևէ էական դիմադրության: Երկրորդ նախագահ Քոչարյանը դրան առնչվել է 2007-08 ընտրական փուլին ընդառաջ, երբ փորձեց խորհրդարանի ընտրությանը իրականացնել ներիշխանական, ներհամակարգային ռեֆորմ և ՀՀԿ-ն հեռացնել իշխանությունից, մեծամասնություն դարձնելով «Բարգավաճ Հայաստանին», իսկ դրանից հետո նախագահի թեկնածու դիտարկելով արդեն ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ Վարդան Օսկանյանին: Ռոբերտ Քոչարյանի այդ շարժը ուներ թե՛ ներքին, թե՛ արտաքին իրադրությունից բխող մոտիվացիա: Ներքին կյանքում ՀՀԿ-ն ուղղակի դարձել էր հանրության համար մերժելի: Դրա հեռացմամբ Ռոբերտ Քոչարյանն ակնկալում էր ընդհանրապես կառավարող համակարգի հանդեպ հանրային անվստահությունը այսպես ասած դուրս գրել ՀՀԿ վրա և իրեն էլ մաքրել այդ անվստահությունից, հետագայում կամ վարչապետի պաշտոնում կառավարելու և հետո նախագահի պաշտոնի վերադառնալու ակնկալիքով, կամ պարզապես համակարգի ստվերային «պատրիարքի» կարգավիճակում իրավիճակը կառավարելու հեռանկարով: Արտաքին առումով, Ռոբերտ Քոչարյանն, անշուշտ, ամենալավն էր տեսնում, թե ինչպես է պուտինյան Ռուսաստանը պատրաստվում Արևմուտքի հետ դիմակայության և այդ համատեքստում ռեգիոնալ խաղադրույքը կատարում Թուրքիայի և Ադրբեջանի վրա: Արևմուտքի ուղղությամբ շոշափելի շարժը Ռոբերտ Քոչարյանը դիտարկում էր որպես հակակշիռ: Ընդ որում, քայլը կարծես թե ստացվում էր:
ԱՄՆ-ն կայացրեց Հայաստանին Հազարամյակի մարտահրավերներ ծրագրի մեջ ընդգրկելու որոշում: Ծրագիրը կասեցվեց միայն 2008-ի մարտի 1-ի իրադարձություններից հետո: Մինչ այդ, սակայն, Հայաստանում 2007 թվականի խորհրդարանի ընտրությանը Ռոբերտ Քոչարյանի մտադրությունը տապալվեց, և Սերժ Սարգսյանը կարողացավ ապահովել ՀՀԿ հաղթանակ, ընդ որում՝ բացարձակ մեծամասնությամբ, ինչը ՀՀԿ-ին ազատում էր կոալիցիայի պարտադրանքից: Հետո, իհարկե, եղավ կոալիցիա, սակայն արդեն ավելի շուտ Սերժ Սարգսյանի կանոններով և պայմաններով: Այդպիսով, Ռուսաստանը թույլ չտվեց Հայաստանի այնպիսի շարժ դեպի Արևմուտք, որը կստեղծեր Ռուսաստանի թուրք-ադրբեջանահեն ռեգիոնալ քաղաքականության շոշափելի և առարկայական հակակշիռ: Գործեց պրոտեկտորատի տրամաբանությունը, պարզապես քողարկված: Արդյո՞ք երկրորդ նախագահ Քոչարյանն այժմ էլ փորձում է նոր շարժ կատարել դեպի Արևմուտք, այն բանից հետո, երբ Ռուսաստանը չարդարացրեց կամ չի արդարացնում պատերազմից հետո նրան իշխանության բերելու ակնկալիքը: Համենայնդեպս, հակասական ու տարօրինակ է հնչում, որ պատերազմից հետո Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր Ռուսաստանի հետ ինտեգրացիան ավելի խորացնելու և ավելի խոր ինտեգրացիայի ձևաչափ փնտրելու մասին, իսկ հիմա իբրև իշխանության հասցեին դիտողություն կամ քննադատություն է հնչեցնում, որ Հայաստանը Ռուսաստանի պրոտեկտորատ է: Ռոբերտ Քոչարյանը սպասում է Արևմուտքից աջակցությա՞ն, ինչպես 2006 թվականին:











































