«Ինձ համար դա որոտ էր պարզկա երկնքում: Ահա և մենք պատերազմեցինք: Եվ ես նորից կորցրի ամեն ինչ»,- պատմում է Ինգա Ալեքսանյանը արցունքն աչքերին: Այս 35-ամյա հայուհու պատմությունը սերտորեն կապված է 1991 թ. Խորհրդային Միության փլուզման պահից ի վեր Կովկասը սասանող դժբախտությունների հետ: Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը՝ այս աղետներից ամենաերկարը, փորձ արվեց ավարտել այս տարվա վերջին: Ադրբեջանի հարձակումը թուլացրեց հայերի մարտական դիրքերը Լեռնային Ղարաբաղի տարածքում: Այնուհետև Վլադիմիր Պուտինի օժանդակությամբ ստորագրվեց խաղաղության անհուսալի համաձայնագիր: Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի տվյալներով՝ աշխարհում առկա է 33 ակտիվ ռազմական բախում, որոնցից միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտվեց: Այնուամենայնիվ, Շուշի քաղաքից տարրական դասարանների ուսուցչուհի Ինգային դա թեթևության որևէ զգացում չբերեց: Ընդհակառակը:
«Սեպտեմբերի 27-ին, երբ ադրբեջանցիները սկսեցին հարձակումը, ես նոր էի վերադարձել դպրոցի ժողովից: Հնչեց օդային տագնապի ազդանշանը, և մենք երկու օր անցկացրինք տան նկուղում»,- պատմում է նա: Ինգայի հետ նկուղում էին նաև նրա երեխաները՝ 15 տարեկան Մարիանը, 13 տարեկան Դանիելը և 8 տարեկան Աբելը: Ինգայի ամուսինը՝ 40-ամյա Արմենը, մեկնեց ռազմաճակատ: «2016-ին նա կանգնել էր ականի վրա և կորցրել աջ ոտնաթաթը, բայց, միևնույն է, մեկնեց արցախցի զինվորականների հետ»,- պատմում է նա: «Սկզբում մեր զինված ուժերին հաջողվում էր անօդաչու թռչող սարքեր խփել, բայց հետո իրավիճակը վատացավ, և մենք ստիպված եղանք տեղափոխվել համալսարանի ապաստարան»: Մինչ այդ պահը համալսարանը նրա համար վերածննդի և դիմադրության խորհրդանիշ էր:
Ինգայի ընտանիքը մի անգամ արդեն տուժել էր այս հակամարտությունից, քանի որ մինչ այդ նա ապրում էր թշնամական պետության մայրաքաղաք Բաքվում: Դրանում որևէ զարմանալի բան չկար ժողովուրդների համատեղ բնակեցման առումով. տարածաշրջանը ծածկոցի կարկատանի էր նման: Սակայն 1992-1994 թվականներին Լեռնային Ղարաբաղում հայերի և ադրբեջանցիների միջև հակամարտությունը թողեց իր սպիները: Այդ պատերազմն ավարտվեց հօգուտ Երևանի. այն իր վերահսկողության տակ պահեց տարածքը և գրավեց ևս յոթ շրջան՝ վտարելով 620 հազար բնակչի և նպաստելով մեկ դար առաջ այնտեղից վտարված հայերի վերադարձին: 1988-ին Ադրբեջանում սկսվեցին հայերի ջարդեր: Դրանցից մեկի ժամանակ Ինգայի խորթ հայրը սպանվեց, իսկ 2003-ին ընտանիքը հանձնվեց և տեղափոխվեց Շուշի, որը Ղարաբաղում հայերի մշակութային ժառանգության խորհրդանիշն է: Տեղահանվածները ստացել են պաշտոնական օգնություն՝ մեկ անձի համար 150 դոլար: «Մենք ամեն ինչ զրոյից սկսեցինք, բայց տեղական ենթակառուցվածքները շատ լավն էին»,- ասում է Ինգան: Ինգան համալսարանում ստացել է երկու կրթություն. մեկը՝ տարրական կրթության ուսուցանման ոլորտում, իսկ մյուսը՝ կապի նոր տեխնոլոգիաների: Այնուհետև նա սկսել է մաթեմատիկա դասավանդել տարրական դպրոցում: «Հետո ես ամուսնացա Արմենի հետ»,- հիշում է նա: Բունկերում անցկացրած 5 օրերը ջնջեցին այդ գեղեցիկ հիշողությունները: «Այլևս չդիմացանք, մենք հեռացանք: Ես չէի ուզում, որ երեխաներս վախենային ռումբի պայթյուններից»,- ասում է Ինգան: Նրանք տեղափոխվեցին Նորամարգ գյուղ, որը գտնվում է Շուշիից 300 կիլոմետր հեռավորության վրա՝ Հայաստանի և Թուրքիայի սահմանին:
«Դա ցնցում էր մեզ համար: Մենք երբեք չէինք մտածում, որ Շուշին հարձակման կենթարկվի: Այնտեղ մեզ ապահով էինք զգում: Երբ հեռացանք, ես այնքան համոզված էի, որ վերադառնալու ենք, այնպես որ, լվացի և արդուկեցի մեր հագուստները և տանը մաքրություն արեցի: Բայց ես այլևս չեմ վերադառնա այնտեղ»: Եկավ նոյեմբերը, և Արարատի մերձակա տարածքը ցրտեց: Ինգան որոշեց ապաստան գտնել Երևանում և բնակարան վարձեց երեք այլ ընտանիքների հետ, որոնք կորցրել էին իրենց տունը:
«Ես աշխատանք չունեմ: Սոցիալական ծառայությունները մեզ սնունդ են բերում, բայց մենք ապրում ենք իմ խնայողությունների հաշվին, որոնք շատ քիչ են»,- ասում է նա՝ փորձելով զսպել արցունքները: Մեր զրույցը տեղի ունեցավ հինգշաբթի՝ դեկտեմբերի 17-ին, տեսակապի միջոցով, այն կազմակերպել և թարգմանել է Համահայկական բարեգործական միությունը:
Խաղաղության պայմանագիրը ստորագրվեց նոյեմբերի 10-ի վաղ առավոտյան: Հայերը դա մեկնաբանում են որպես կապիտուլյացիա, և այդ օրվանից նրանք դուրս են գալիս փողոց՝ բողոքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ: Ինգան չի մեղադրում նրան: «44 օր տևած պատերազմից հետո մեծ ընտրություն չկար: Միայն թե դա անհրաժեշտ էր ստորագրել երկրորդ օրը»,- կարծում է նա:
Իրոք, հակամարտության սկզբում Հայաստանն այդքան խոցելի չէր թվում: Ի վերջո, այն ստիպված էր հեռանալ Լեռնային Ղարաբաղի հարակից յոթ շրջաններից, ադրբեջանցիները գրավեցին տարածքի 30 տոկոսը, ներառյալ Շուշին: Պաշտոնապես Ադրբեջանի կողմից սպանվել են 2783 զինծառայող և 94 քաղաքացիական անձ: Հայաստանի կողմից՝ 2 հազար 966 զինվորական և 55 քաղաքացիական անձ: Դիտորդների կարծիքով՝ իրական թվերը շատ ավելի մեծ են: Ինգայի ընտանիքում զոհվել են ամուսնու երկու զարմիկները և նրանցից մեկի որդին, բայց Շուշին լքելուց հետո նա մշտական կապ չունի ծանոթների հետ: Արմենը մնացել է Լեռնային Ղարաբաղում: «Նա շարունակում է ծառայել Պաշտպանության բանակում: Կարծում եմ՝ նա համարձակություն չունի հեռանալու»,- ասում է Ինգան: Նա տարածաշրջանը համարում է խաղազինվոր խոշոր ուժերի խաղում, որոնք գործում են Կովկասում: «Բոլորը՝ Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, փնտրում են իրենց սեփական շահը: Բարեբախտաբար, հակամարտությունը չվերաճեց ինչ-որ ավելի մեծ բանի, այլապես Արցախը կոչնչանար»,- ասում է Ինգան տարածաշրջանի հիմնական գործող ուժերի մասին, որտեղ տարբեր գերտերությունների շահերը մշտապես բախվել են:
Ռիսկը մեծ էր: Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է, այդ երկրի տարածքում ունի մեծ ռազմաբազա: Թուրքիան հովանավորում էր Ադրբեջանին՝ տրամադրելով աջակցություն և սպառազինություն: Իրանը պարզապես դիտորդ էր. շատ էթնիկ ադրբեջանցիներ են ապրում իր տարածքում: Ի վերջո, հակամարտությունն ավարտվեց, և Ռուսաստանը ստացավ խաղաղապահի բոլոր դափնիները և պարտավորությունները: Համաձայնագրի պայմանների համաձայն՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում տարածաշրջանում կտեղակայվեն երկու հազար ռուս զինվորներ, այդ ժամկետը կարող է երկարաձգվել ևս հինգ տարով: Ռուս խաղաղապահները երաշխավորելու են սահմանների անձեռնմխելիությունը և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող ճանապարհը, ինչպես նաև Ադրբեջանից Նախիջևան տանող ճանապարհները:
Ըստ Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի, որն աշխարհում աշխարհաքաղաքական հետազոտությունների գլխավոր կենտրոններից մեկն է, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ամենախոշորն էր Խորհրդային Միության (որի կազմի մեջ էին մտնում թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը) փլուզումից հրահրված հակամարտություններից: 2019-2020 թվականների հակամարտությունների ընդհանուր գծերը շատ շինծու են, հատկապես եթե հաշվի առնենք, որ ցուցակում են նաև Մեքսիկայում և Բրազիլիայում խմբակների միջև պատերազմները: Այնուամենայնիվ, գոյություն ունեն հակամարտություն սահմանելու օբյեկտիվ չափանիշներ, օրինակ՝ առնվազն երեք ամիս անընդմեջ բռնությունը: Պետությունների մասնակցության դեպքում ժամկետը կարող է կրճատվել: Հակամարտությունները կարող են լինել ներքին, միջազգային կամ միջազգայնացված, ինչպես Լեռնային Ղարաբաղի դեպքում՝ թեկուզ անուղղակի տեսքով: Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի ցուցակում ներառված է 33 հակամարտություն, որոնցից 21-ում դերակատարները ավելի շատ ոչ պետական են, քան պետական, ինչը վկայում է տեղի ունեցածի բարդության մասին:
Պատմությունները, որոնք նման են Ինգայի պատմածին, ցույց են տալիս, թե որքան դժվար է ճեղքել լարվածության հավերժական շրջանը ազգային և կրոնական հողի վրա: «Ես հասկանում եմ, որ այս շրջափուլը գոյություն ունի, բայց ես չգիտեմ, թե ինչպես կարելի է վերադառնալ և ապրել Շուշիում. ասես գառներին ուղարկեն գայլերի հետ ապրելու, նրանք շատ նենգ ու վտանգավոր թշնամիներ են»,- ասում է նա: Թուրքերի մասին ասելիք չկա. Անկարան այդպես էլ չճանաչեց 1915 թ. Ցեղասպանությունը, որը երկու երկրների հարաբերությունների մեջ անբուժելի վերք է թողել:
Այսպիսով, Ինգան կրկնում է ադրբեջանցիների և մինչ այդ էլ՝ հայերի տխուր ճակատագիրը, որոնք տառապում էին հովվերգական գեղեցկությամբ այս անկյունում և նրան տիրելու իրավունքի համար հավերժական վեճում: Դրան բախվել են նաև աշխարհի այլ տարածաշրջաններ՝ Իսրայելն ու Պաղեստինը, Քաշմիրը, Քուրդիստանը:
Աշխարհով մեկ տարածվել են հայ ընտանիքների լուսանկարներ, որոնք մինչ ադրբեջանցիների գալը փորել են իրենց մահացած հարազատների գերեզմանները, որպեսզի մարմինները տանեն իրենց հետ: Երիտասարդ ուսուցչուհին չգիտի, թե ինչպիսին կլինի իր կյանքը հետագայում, բայց մի բանում նա վստահ է. համատեղ ապրելն անհնար է՝ հատկապես հաշվի առնելով անցած պատերազմը: «Մենք չենք հավատում նրանց»,- ամփոփում է Շուշիի (Շուշայի՝ ինչպես այն անվանում են նոր տերերը) նախկին բնակիչը:










































