Արցախյան երկրորդ պատերազմում մարդկային և տարածքային կորուստներից բացի՝ մենք ունեցանք նաև պատմամշակութային մեծ կորուստներ: Արցախի ՄԻՊ գրասենյակը հրատապ է համարում այս հարցում միջազգային հանրության, մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՕ -ի միջամտությունը: Որքանո՞վ է հավանական, որ կարձագանքեն: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հետ:
«Ամենամեծ կորուստն, իհարկե, մարդկային կորուստն է, որը, եթե նժարի վրա դնենք, որևէ կորստի հետ չենք համեմատի: Ինչ վերաբերում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ես հիասթափված եմ այդ կազմակերպությունից, կարծում եմ, ավելի շատ զբաղված է ազգերին իրար դեմ լարելով, քան կոնկրետ պատմամշակութային կոթողները պաշտպանելով: Իզուր չէ, որ կան երկրներ, որոնք այլևս չեն համագործակցում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ, օրինակ ԱՄՆ-ը, Իսրայելը: Նաև հայտնի են կոռուպցիոն մեծ սկանդալներ՝ կապված ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ, բացի դրանից՝ բացարձակապես հակամշակութային անձ Մեհրիբան Ալիևան ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան էր երկար ժամանակ: Բայց բոլոր օղակները փորձել պետք է:
Շատ կարևոր է միջազգային կառույցների ներգրավվածությունը, բայց նաև կարևոր են անմիջական կապերը: Մեր պատմամշակութային կոթողները գտնվում են ուրիշ երկրի տիրապետության տակ, պետք է պարտադիր փորձենք նրանց հետ երկխոսության մեջ մտնել, որովհետև չգիտենք, թե ինչով կարող են առաջնորդվել երրորդ կողմերը՝ սեփական շահեր, կոռուպցիոն ռիսկեր. կա պարզ ճշմարտություն՝ երբ կռվում են երկուսը, շահում է երրորդը: Այդ հարցը պետք է ներկայացնել որպես հումանիստական հարց, որովհետև մենք ոչինչ ենք առանց մեր պատմության, առանց մեր մշակույթի»,- նշեց Բաբայանը:
Կա տեսակետ, որ եթե 25 տարիների ընթացքում չկարողացանք համարժեք վերլուծել մեր հաղթանակը, ապա ինչպես կկարողանանք համարժեք վերլուծել պարտությունը և հետևություններ անել: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Բաբայանն ընդգծեց, որ պարտությունն ավելի լավ ուսուցիչ է, քան հաղթանակը:
«Հաղթանակը կուրացնում է, առավել ևս եթե ոչ ամբողջական հաղթանակը ընկալում ես որպես ամբողջական հաղթանակ: Պարտությունը լավ ուսուցիչ է, եթե դու լավ աշակերտ ես և ոչ թե անիծում ես քո ճակատագիրը և մեղքը միայն ուրիշի վրա ես բարդում, այլ փորձում ես գտնել քո մեղքերը: Հիմա շատ կարևոր ժամանակաընթացք է: Պետք է պատասխանել առնվազն երեք հարցի՝ ինչպես է ապահովվելու մեր ժողովրդի անվտանգությունը և խաղաղությունը, ինչպես է զրոյական ինքնիշխան վիճակից կառուցվելու ինքնիշխան պետություն, և ինչպես է հնարավոր Արցախի հարցը վերադարձնել միջազգային հետաքրքրությունների և պարտավորությունների ոլորտ, երբ մի քանի ակտիվ խաղացողներ շահագրգռված չեն, որ հարցին իրավական լուծում տրվի և Արցախը ստանա կարգավիճակ»:,- նշեց մեր զրուցակիցը
Մանրամասն՝ տեսանյութում:









































