Ադրբեջանը նոր ու լայն ճանապարհ է կառուցում դեպի Դավիթ Գարեջիի վանական համալիր: Դա այն համալիրն է, որի առնչությամբ կա վրաց-ադրբեջանական վեճ: Հայտնի է, որ վանական համալիրի մի հատվածը Վրաստանում է, մյուս հատվածը՝ ադրբեջանական տարածքում: Ընդ որում, ադրբեջանցիները համարում են, որ վանական համալիրը ոչ թե վրացական է, այլ, այսպես ասած, աղվանական, որի մշակույթի ժառանգորդ են իրենք իրենց համարում: Ընդ որում, այդ վեճը բավականին թեժացել էր 2018-19 թվականներին, և, մեծ հավանականությամբ, եթե Թրամփի քաղաքականության ու կորոնավիրուսի հետևանքով թուրք-ադրբեջանական տանդեմի համար չառաջանար Կովկասի անվտանգության վակուումը Արցախի և Իրանի հյուսիսային սահմանի հարցում, վրաց-ադրբեջանական սահմանի հարցն, ըստ ամենայնի, լինելու էր Կովկասի հաջորդ թեժ կետը: Մյուս կողմից, սակայն, այդ հեռանկարը ոչ միայն չեղարկված չէ, այլ, ինչպես վկայում է Ադրբեջանի կառուցվող ճանապարհը դեպի Դավիթ Գարեջի, կարող է դառնալ ավելի արդիական: Ճանապարհը ոչ միայն տնտեսական-տրանսպորտային, այլևս ռազմական կոմունիկացիա, որով հնարավորություն է առաջանում իրականացնել արագ ռազմական շարժեր: Ավելին, Բաքվի հավակնության մասին վկայում է ոչ միայն տարիներ ի վեր եղած վիճակն ու մեզ քաջ ծանոթ պատմական հավակնությունների դրսևորումը նաև այդ ուղղությամբ, այլ նաև այն, որ Անկարան ու Բաքուն ներկայումս աշխույժ ենթակառուցվածքային ծրագրեր են գեներացնում պատերազմի ընթացքում Արցախի իրենց օկուպացրած տարածքներում:
Այլ կերպ ասած, Անկարան ու Բաքուն ռեգիոնին հաղորդում են տնտեսական պատերազմ, պատրաստվելով տաք պատերազմի հաջորդ փուլի կամ հնարավորության: Վրաստանը, որ Արցախի դեմ պատերազմում ըստ էության աջակցում էր Բաքվի ռազմատեխնիկական մատակարարումներին, անշուշտ պատկերացնում էր, որ դրանով փորում է նաև հենց վրացական պետականության գերեզմանը: Այլ հարց է, որ Թբիլիսին չունի թուրք-ադրբեջանական ազդեցությանը դիմագրավելու տարբերակ, առավել ևս, որ այդ շրջանում նախընտրական պայքար էր, և Վրաստանի իշխանությունը կարող էր էական հարված ստանալ թուրքական և ադրբեջանական լոբբինգից: Սակայն Թուրքիան ու Ադրբեջանը այժմ պատրաստվում են ուղիղ հարվածի: Եթե Ալիևը չի թաքցնում Վրաստանի արևելյան սահմանի հանդեպ հավակնությունը, ապա Էրդողանը չի թաքցնում Բաթումի թուրքական պատկանելությունը: Վրաստանում այդ ամենը պատկերացնում են, այդ իսկ պատճառով գործնականում դիմել են Վաշինգտոնին պաշտպանվելու համար: Սակայն Թրամփի վարչակազմը մերժեց առաջարկը: Պաշտոնավարման ավարտին Վրաստան այց կատարած պետքարտուղար Պոմպեոն, ըստ էության, սառը արձագանքեց Վրաստանում ներկայությունն ուժեղացնելու առաջարկին: Բայդենի վարչակազմի մոտեցումը դեռևս պարզ չէ, սակայն աներկբա է, որ Վրաստանին թուրք-ադրբեջանական աքցանից կարող է պաշտպանել միայն Վաշինգտոնը՝ ուղիղ կամ ՆԱՏՕ միջոցով: Հայաստանի համար էլ դա հույժ կարևոր հանգամանք է, որովհետև Վրաստանը կուլ տալուց հետո վերստին անցնելու են Հայաստանին: Մյուս կողմից, Վրաստանի ուղղությամբ արգելափակվելու դեպքում էլ ավելի է հավանական դառնում Հայաստանի ուղղությամբ վերստին կենտրոնանալը: Հայաստանն ու Վրաստանը, այսպես թե այնպես, այս կամ այն հաջորդականությամբ, անշուշտ, մշտապես գտնվելու են թուրքական ռազմավարական թիրախում, որի շրջանակում էլ միշտ իր բաժին կարկանդակն է ակնկալելու Ռուսաստանը: Ըստ այդմ, այստեղ արգելափակումների համատեղ ջանքը Հայաստանի ու Վրաստանի համար ռազմավարական խնդիր է:









































