Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն իր անձնական կյանքի վերաբերյալ տվյալների արտահոսքից հետո դատական ծախսերի փոխհատուցում է պահանջել իր սիրելիի եղբորից՝ Մայքլ Սանչեսից, հաղորդում է Bloomberg-ը:
Տվյալների արտահոսքն այն մասին, որ Բեզոսը հարաբերությունների մեջ է նախկին հեռուստահաղորդավարուհի Լորեն Սանչեսի հետ, տեղի է ունեցել 2019թ.-ի հունվարին: Այդ ժամանակ միլիարդատերը պաշտոնապես հայտարարեց 25 տարվա ամուսնությունից հետո կնոջից՝ Մաքենզիից բաժանվելու մասին: Լրագրողական «հետաքննության» արդյունքում ձեռք բերված անձնական տվյալները հրապարակել է National Enquirer տաբլոիդը:
Այս իրադարձություններից հետո Amazon-ի հիմնադիրը մասնավոր խուզարկուների է վարձել՝ սեփական հետաքննությունն իրականացնելու համար: Ընթացքում գործարարը պարզել է, որ Սանչեսի եղբայրը National Enquirer տաբլոիդից 200 հազար դոլար է ստացել:
Այս պահին Բեզոսը Սանչեսի եղբորից 1.7 միլիոն դոլար է պահանջում: Մայքլ Սանչեսի փաստաբան Թոմ Ուորենը նման պահանջը «անպարկեշտ և նույնիսկ անհեթեթ» է որակել: