ԱՄՆ նոր նախագահ Ջոզեֆ Բայդենը մտադիր չէ վերբեռնել հարաբերությունները Ռուսաստանի հետ և նախատեսում է նոր պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ «չափազանց ագրեսիվության» պատճառով, հաղորդում է Washington Post-ը՝ հղում անելով Սպիտակ տան վարչակազմի իր աղբյուրներին:
Ամերիկացի անանուն պաշտոնյան նշել է, որ ԱՄՆ-ն մտադիր է պատժել Ռուսաստանին վերջին ամիսներին և տարիներին այդ երկրի «անխոհեմ և ագրեսիվ գործողությունների» համար: Մոտ ապագայում Բայդենը ազգային հետախուզության ղեկավար Էվրիլ Հեյնսին հանձնարարելու է զեկույց պատրաստել Ռուսաստանի հետ կապված սպառնալիքների վերաբերյալ: Դրանից հետո, ստացված տվյալների հիման վրա, պատժամիջոցների վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի:
Նշվում է նաև, որ ամերիկյան պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ ԱՄՆ նոր նախագահն իր կառավարումը սկսում է Ռուսաստանի հանդեպ թշնամական քայլերով:
Ամերիկագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով՝ Ռուսաստանի հանդեպ ամերիկյան հնարավոր պատժամիջոցները ուղղակի կամ անուղղակի կերպով ազդելու են մեզ վրա։ «Հավանաբար այդ պատժամիջոցները առավելապես կլինեն տնտեսական բնույթի։ Չի բացառվում, որ պաշտոնյաներ և բիզնեսմեններ հայտնվեն պատժամիջոցների տակ։ Մենք դրա փորձն ունենք, երբ նախկինում շատ բիզնեսմեններ հայտնվել են ամերիկյան պատժամիջոցների տակ ու դա ուղիղ հարված է եղել նաև մեր տնտեսությանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա՝ շեշտելով, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների լարվածությունը մշտապես ուղղակի կամ անուղղակի կերպով հարվածելու է նաև Հայաստանին։
Ըստ Սարգսյանի՝ այդկերպ նվազելու է նաև Հայաստանի մանևրելու հնարավորությունը երկու գերտերությունների հետ մեր հարաբերությունները կառուցելու իմաստով։
Մեր զրուցակիցը նաև նշեց՝ չի հասկանում Հայաստանում Բայդենի նախագահության հետ կապված ոգևորության պատճառները. «Պետք չէ ակնկալել ամերիկյան քաղաքականության փոփոխություն Հայաստանի նկատմամբ։ Իհարկե, վերաբերմունքի որոշակի փոփոխություն կարող է լինել, բայց, ըստ իս, ոգևորության տեղ չկա։ Եվ եթե մենք շարունակենք աշխատել այս վարչակազմի հետ այնպես, ինչպես Թրամփի վարչակազմի հետ էինք աշխատում, այսինքն՝ չէինք աշխատում, բնականաբար, որևէ դրական փոփոխության մասին խոսք լինել չի կարող»։
Ինչ վերաբերում է ամերիկա-թուրքական հարաբերություններին, ապա Սուրեն Սարգսյանի խոսքերով, Թուրքիայի հետ հարաբերությունները կառուցելիս ԱՄՆ-ն առաջնորդվելու է հետևյալ քաղաքականությամբ. «Որոշ պատժամիջոցներ կարող է և կիրառեն, բայց շատ չեն ճնշելու, որպեսզի Թուրքիան ավելի շատ չհայտնվի Ռուսաստանի գրկում։ Փորձելու են Թուրքիային ավելի շատ վերադարձնել որպես ՆԱՏՕ-ի անդամ պետություն և դաշնակից և փորձելու են թուրքական քաղաքականությունը որոշակիորեն փոխել նաև Մերձավոր Արևելքում, ինչը բխում է Միացյալ Նահանգների ուղղակի շահերից»։









































