Այսօր «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի մի շարք անդամներ կուսակցության կենտրոնական գրասենյակում հյուրընկալել են ՀՀ-ում Նիդերլանդների Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին:
Հանդիպման օրակարգը ամբողջությամբ հագեցած էր Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանի կողմից գերեվարված Հայաստանի և Արցախի մեր հայրենակիցների վերադարձը շուտափույթ կազմակերպելու ուղիների և հնարավորությունների քննարկմամբ։
Դեսպան Սխերմերսը քաջատեղյակ էր խնդրի կարևորությանն ու մանրամասներին, թեև փոխադարձ մտքերի փոխանակումը է՛լ ավելի կարևոր մանրամասներ բացահայտեց դեսպանի համար։
Կողմերը երկուստեք ողջունեցին այսօրինակ՝ Հայաստանի և հայության համար հումանիտար հրատապություն ունեցող խնդրով հանդիպման փաստի առթիվ։
Որոշվեց խնդրո վերաբերյալ բոլոր զարգացումների մասին իրազեկել միմյանց՝ մինչև խնդրի վերջնական կարգավորումն ու հանգուցալուծումը։