Հացի անվտանգության ապահովման կանոնները Հայաստանում սովորաբար խախտվում են և՛ արտադրողների, և՛ մատակարարողների և՛ խանութների կողմից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը:
«Տարբեր տիպի մեքենաներով գիշերները հաց են տեղափոխում, ցերեկները՝ մարդ: Եվ տարբեր արկղերով, որը չի նախատեսված հացի համար: Արդյոք գոյություն ունի՞ հացի վրա պիտակավորում՝ բաղադրության, քաշի վերաբերյալ: Ո՛չ: Շատ քիչ արտադրողներ են, որ պիտակավորում են իրենց արտադրած հացը, մեծ մասը չի պիտակավորում»,- ասաց Մ.Հակոբյանը՝ հավելելով, որ խանութներում հացը վաճառելիս էլ այն դնում են պոլիէթիլենային տոպրակների մեջ:
«Տաք հացը դնում են այդ տոպրակների մեջ, մինչև բերում են տուն թացանում է և՛ հացը և՛ տոպրակը: Մենք առաջարկում ենք հացի արտադրության ընթացակարգը բարդացնել: Այժմ 25 հազար դրամ վճարելով՝ իրավունք են ստանում հաց արտադրել: Բայց պետք է արտադրամասերի համար համապատասխան պայմաններ ու անվտանգության նորմեր մտցնել»,- նշեց Մ.Հակոբյանը:








































