Համաձայն Maplecroft խորհրդատվական ընկերության կողմից հրապարակված վարկանիշային ցուցակի՝ Սոմալին դարձել է ահաբեկչության տեսակետից աշխարհի ամենավտանգավոր երկիրը, քանի որ նրա տարածքում գործում են բազմաթիվ կազմակերպություններ, որոնք կապ ունեն «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման հետ: Վտանգավոր «լավագույն» երկրների թվում են շարունակում մնալ անցած տարվա առաջատարները՝ Պակիստանը, Աֆղանստանը և Իրաքը: Նրանց է միացել նաև նորանկախ Հարավային Սուդան պետությունը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Ահաբեկչական վտանգի ամենամեծ աճն արձանագրվել է Եմենում, Իրանում, Ուգանդայում, Լիբիայում, Եգիպտոսում և Նիգերիայում: Եթե արաբական երկրներում այս աճը կապված է տեղի հեղափոխական գործընթացների հետ, ապա Ուգանդայում և Նիգերիայում դրա հիմնական պատճառը անջատողական ընդհատակյա կազմակերպությունների ակտիվացումն է:
«Լավագույն» 20-ի թվում են նաև Կոնգոն, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Կոլումբիան, Ալժիրը, Թաիլանդը, Ֆիլիպինները, Ռուսաստանը, Սուդանը, Բուրունդին, Հնդկաստանը, Իսրայելը: Ամենաքիչ վտանգավոր են ԱՄՆ-ը, Կանադան, Ավստրալիան և Նոր Զելանդիան:
Maplecroft-ի տվյալներով՝ ահաբեկչության հետևանքով 2010 թ. մահացել է մոտ 14 հազար մարդ, ինչը հազարով պակաս է նախորդ տարվա նույն ցուցանիշից:










































