«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է «Russia-armenia.info» լրատվական կայքի խմբագիր, Հայ-ռուսական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, հասարակական գործիչ Արամ Խաչատրյանը:

– Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարել է, որ Ռուսաստանի հայ համայնքը Նիկոլ Փաշինյանի հրաժարականին է սպասում, ոչ թե Մոսկվա այցին: Ինչպե՞ս եք գնահատում նրա աննախադեպ ակտիվացումը՝ հաշվի առնելով, որ նախկինում նա գրեթե անմասն էր մնում ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումներին:
– Իրականում Ռուսաստանի հայերի միությունը՝ Արա Աբրահամյանի գլխավորությամբ, դեմ է, որ Փաշինյանը գա Ռուսաստան: Ես գիտեմ, որ նաև Հայ դատի գրասենյակում են եղել նման քննարկումներ: Գիտեմ նաև, որ շատ կազմակերպություններ միավորվել են և այսօր ժամը 12-ից մինչև 14-ը Ռուսաստանում ՀՀ դեսպանության մոտ ակցիա են անում: Պետիցիա են գրելու Փաշինյանի դեմ: Շատերը հայտնում են, որ իրենք ուզում են բարձրաձայնել, որ Նիկոլ Փաշինյանն անօրինական գործունեությամբ է զբաղված, որ նա իրավունք չունի ստորագրելու փաստաթղթեր, որոնք առնչվում են Հայաստանի տարածքային ամբողջականությանը, որ նոյեմբերի 9-ին իր կողմից ստորագրված հայտարարությունը շատ մեծ վնաս է հասցրել ոչ միայն Հայաստանին, այլև նրա իմիջին: Ասվում է, որ Մեղրիում ճանապարհի տրամադրումը ևս վերաբերում է Հայաստանի պետական շահերին, ու դրա հետևանքներն այլ են լինելու: Հետևաբար հայկական Սփյուռքը, որը հայ ժողովրդի մի մասն է, ցավում է իր հայրենիքի համար: Մենք և շատերը նույնպես դատապարտում ենք Նիկոլ Փաշինյանի քայլերը: Ուզում եմ հիշեցնել, որ երեկ Հայ-ռուսական կազմակերպությունների համակարգող խորհուրդը ևս հանդես է եկել հայտարարությամբ: Այդ հայտարարության մեջ, ի թիվս այլոց, նշված է, որ ԱՊՀ անդամ երկիր Ղազախստանից թուրքական սպեցնազը փոխադրվել է Ղարաբաղ: Ես կարող եմ ասել, որ Ռուսաստանի հայկական համայնքի մեծ մասը հանդես է գալիս Նիկոլ Փաշինյանի դեմ, համարում են, որ նրա վարած քաղաքականությունը դավաճանություն է Հայաստանի շահերին:
– Արդյոք ռուսաստանահայ գործարարների հետ հանդիպում նախատեսվա՞ծ է եղել, որից Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է:
– Ես նման տեղեկատվություն չունեմ: Ես գիտեմ, որ որոշ հայ գործարարներ սկսել են ակտիվորեն մասնակցել Արցախում վերականգնողական գործունեությանը, շարունակում են աջակցություն տրամադրել Հայաստանին: Իսկ առանձին հանդիպման մասին տեղեկություններ չունեմ:
– Տեսակետ կա, որ Սփյուռքից պետք չէ քննադատել Նիկոլ Փաշինյանին, պետք է լինել Հայաստանի քաղաքացի՝ քննադատելու իրավունք ունենալու համար: Կիսո՞ւմ եք այս կարծիքը, թե՞ ոչ:
– Ընդհանուր առմամբ, այդ տեսակետը կիսում եմ: Սփյուռքը ուղղակիորեն չի կարող միջամտել Հայաստանի քաղաքականությանը, որովհետև Սփյուռքի ներկայացուցիչների մեծ մասը այլ պետությունների քաղաքացիներ են: Բայց Սփյուռքը բարոյական իրավունք ունի ինչպես աջակցելու ՀՀ իշխանություններին, այնպես էլ պահանջելու կառավարությունից անելու որոշակի քայլեր: Սփյուռքը միջազգային ասպարեզներում պաշտպանում է Հայաստանի շահերը, այդ թվում՝ քաղաքական, տեղեկատվական, տնտեսական, մշակութային ճակատներում, մեծ տնտեսական օգնություն է տրամադրում Հայաստանին:
Մյուս կողմից՝ ՀՀ իշխանություններն այդ ամենը ընկալում են միակողմանիորեն, և Ռուսաստանի հայ համայնքի շատ ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ հայտարարում են, որ վերջին 2,5 տարիների ընթացքում կորել է կապը Հայաստանի և ՌԴ հայ համայնքի միջև: Մի քանի անգամ Ռուսաստան է եկել Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը, բայց նրա հետ հանդիպումներից մնացել են միայն դատարկ խոսակցություններ և վերջ: Նախկինում կար Սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» կայքը, հիմա դա էլ չկա:
Ինչ վերաբերում է Արա Աբրահամյանին, ես կարծում եմ՝ նա իրավունք ունի հանդես գալու, քննադատելու, որովհետև նա երկքաղաքացի է, նաև ՀՀ քաղաքացի է: Քննադատելու իրավունք ունեն Ռուսաստանում ապրող ու աշխատող ՀՀ քաղաքացիները: Հիշեցնեմ, որ Սփյուռքը մեծ աջակցություն է ցուցաբերել պատերազմի օրերին: Մեծ գումարներ են փոխանցվել «Հայաստան» հիմնադրամին, իսկ հետո պարզվեց, որ հավաքված գումարի մի մեծ մասը փոխանցվել է կառավարությանը: Մենք այդ փողերը հավաքել էինք, որ անմիջականորեն օգնություն հատկացվի փախստականներին, զինվորների համար կոշիկ կամ զրահաբաճկոն գնվի: Ես 2,5 հազար դոլար եմ փոխանցել այդ հիմնադրամին ոչ նրա համար, որ վերջում որոշեն այն տալ կառավարությանը: Սա նույնպես հարված էր, և շատ հայեր հետագայում այլևս նման աջակցություն չեն տրամադրի:










































