Բոստոնի մարաթոնում ահաբեկչություն կազմակերպելու համար ԱՄՆ-ում պատիժը կրող Ջոհար Ցարնաևը ամերիկյան իշխանություններից պահանջում է 250,000 ԱՄՆ դոլարի փոխհատուցում բանտարկության անպատշաճ պայմանների համար: Այս մասին հայտնում է Boston Herald-ը՝ հղում կատարելով հայցադիմումին:
Ըստ թերթի՝ Ցարնաևը դատական հայց է ներկայացրել դաշնային շրջանային դատարան: Նա մեղադրում է ուղղիչ հիմնարկի պահակներին և վերակացուին «ապօրինի, անհիմն և խտրական» վերաբերմունքի մեջ:
Իր դատական հայցում Ցարնաևը բողոքում է բանտի խանութում գնված բեյսբոլի գլխարկի և բանդանայի ապօրինի բռնագրավումից և ցնցուղ ընդունելու հազվադեպ հնարավորություններից: Նա նաև ավելացնում է, որ դաժան վերաբերմունքը բացասաբար է ազդում իր ֆիզիկական և մտավոր բարեկեցության վրա:
Այս պահի դրությամբ հայցը վարույթ չի ընդունվել, քանի որ հայցվորը չի տրամադրել որոշ փաստաթղթեր և չի վճարել 402 ԱՄՆ դոլարի վճար՝ նշում է թերթը:








































