«2020 թվականը ձախողումների, կորուստների, բացթողումների կամ այլ կերպ ասած՝ անիծյալ տարի էր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, ամփոփելով անցնող տարին, ասաց փաստաբան, «Արդար Հայաստան» նախաձեռնության ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը:
Իսկ թե ինչ ակնկալիքներ կան եկող՝ 2021 թվականից, մեր զրուցակիցն ասաց. «2021 թվականը պետք է լինի ապրելու, հույսի, ոտքի կանգնելու, մեր արժանապատվությունը վերականգնելու մեկնարկի տարի: Մեր բոլորիս խոցված ինքնասիրությունը, մեր վրդովված հոգեվիճակը փոքր-ինչ սփոփելու տարի պետք է լինի 2021-ը»:
Նորայր Նորիկյանը նշեց, որ մեր կարգավիճակում բազմաթիվ պետություններ և ժողովուրդներ են եղել, ուստի երբեք չի կարելի կորցնել հույսը. «Գերմանիան, Ճապոնիան չեն ընկրկել, չեն ոչնչացել, նրանք կարողացել են ոտքի կանգնել և դառնալ դոմինանտ ուժ համաշխարհային մակարդակով»:
Մեր զրուցակիցը հույս հայտնեց, որ մենք այլևս հետ չենք նայելու ու շարժվելու ենք առաջ. «Հետ ենք նայելու միայն մեկ բանի՝ դասեր քաղելու համար: Ես հավատում եմ, որ մեր ժողովրդի իմաստնությունը, խոհեմությունը, լրջախոհությունը այս տարի հաղթելու է: Հույս ունեմ, որ մենք ամենակարևոր հարցերում այլևս չենք սխալվի»:
Մանրամասն՝ տեսանյութում: