2011-ի հունվարին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի կողմից Երևանի դիզայներ նշանակված ճարտարապետ, ճարտարապետության թեկնածու Վարդան Վարդանյանը (փոխքաղաքապետ Վանո Վարդանյանի որդին) օրերս ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն: Քաղաքապետի հրամանով Երևանի դիզայներ է նշանակվել Գառնիկ Ամատունյանը (Գագա Ամատունի):
Վարդան Վարդանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ աշխատանքից ազատվելու պատճառը ժամանակի սղությունն է եղել, ֆիզիկապես չի կարողացել համատեղել աշխատանքները: Հարցին՝ ճարտարապետական նախագծե՞րն են արդյոք խանգարել, պատասխանեց՝ արտադրական բնույթի միջազգային ծրագրեր կային:
Հարցին, թե կարո՞ղ ենք այսօր փաստել, որ մեզանում դիզայների ինստիտուտը չի կայացել, պատասխանեց, որ դիզայների ինստիտուտը կայացման փուլում է, իսկ քաղաքի նորանշանակ դիզայները պատրաստված տղա է և շարունակելու է այն ծրագրերը, գաղափարները, որոնք պետք է իրականացնենք: «Անկախ ամեն ինչից՝ սա մեր քաղաքն է, պատրաստ ենք ամեն պահի աջակցել, փորձել օգնել»,- ասաց Վարդան Վարդանյանը:
Հետաքրքրվեցինք՝ քաղաքապետի հետ հարաբերություններն ինչպիսին են, ասաց, որ շարունակում են մնալ շատ լավ:










































