Մարտի 1-ին սպանված Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Խաչատրյանը, «Առաջին լրատվականի» հետ զրույցում գնահատելով օգոստոսի 2-ի հանրահավաքում Լևոն Տեր-Պետրսյանի ելույթի Մարտի 1-ի բացահայտման վերաբերյալ հատվածը՝ հայտնեց.
«Այս հանրահավաքին Լևոն Տեր-Պետրոսյանն ավելի մանրամասն ներկայացրեց հարցը և ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերեց, որովհետև մինչ այդ կար քաղբանտարկյալների, Ազատության հրապարակի հարցը, և հիմա՝ այդ հարցերի լուծումից հետո, ուշադրությունն առավել սևեռվել է Մարտի 1-ի սպանությունների բացահայտնան վրա։ Մեզ համար ուրախալի է, որ անկախ մեր պայքարից՝ հետևողականություն են դրսևորում նաև նրանք»։
Խոսելով Լ.Տեր-Պետրոսյանի այն դիտարկման մասին, որ եթե որևէ իշխանություն չի պատժում մարդասպաններին, ապա մարդասպանն ինքն է՝ Ա.Խաչատրյանը նկատեց.
«Այո, հիմնադիր նախագահը շատ ճիշտ է ասում, որ չբացահայտողն ինքն է մարդասպանը, իսկ եթե վիրավորվում են մարդասպան պիտակից, թող մեզ ապացուցեն, որ անմեղ են։ Եթե իրոք Սերժ Սարգսյանի մոտ կամք կա սպանությունները բացահայտելու, ապա նա պետք է առաջինը ՀՔԾ-ի ղեկավարին փոխի՝ Վահագն Հարությունյանին, ով ամեն կերպ փորձում է իրականությունից խույս տալ։ Ես ուզում եմ ասել, որ դժգոհ եմ Վահագն Հարությունյանի այդ իմիտացիոն, ապակողմնորոշիչ գործունեությունից, որով երբեք չեն բացահայտվի սպանությունները։ Նրանց հատուկ ընտրել են, որ չբացահայտվի»։











































