«Առաջին լրատվական»-ը երեկ ուշ երեկոյան արդեն տեղեկացրել էր, որ օգոստոսի 2-ին, երեկոյան ուշ Զաքյան փողոցի վրա, տեղի է ունեցել սպանություն: Քիչ առաջ ՀՀ ոստիկանությունից տեղեկացրին, որ երեկ ժամը 21:16-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Զաքյան փողոցի թիվ 4 շենքի մոտ հրազենային վնասվածքներից սպանվել է մոտ 50 տարեկան տղամարդ:
Մեզ հաջողվեց իմանալ, որ դեպքի վայր են մեկնել ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Աշոտ Կարապետյանը և այլ ստորաբաժանումների ղեկավարներ, փորձագետ և դատաբժիշկ:
Պարզվել է, որ Զաքյան փողոցի թիվ 4 շենքի մոտ հրազենի կրակոցներից սպանվել է ՌԴ քաղաքացի, 1965 թ. ծնված Խաչիկ Գալոյանը: Դեպքի վայրում հայտնաբերված «Մակարով» տիպի ատրճանակի փամփուշտի 5 պարկուճը և 1 գնդակն ուղարկվել են փորձաքննության: «Առաջին լրատվական»-ի աղբյուրները հայտնում են, որ սպանված Խաչիկ Գալոյանը Հայաստանում գտնվելու օրերին ապրել է «Շիրակ» հյուրանոցում:





































