Այսօր կաբինետի ևս հինգ նոր անդամների է ներկայացրել Ջո Բայդենը, ով, նախնական տվյալներով, հաղթել է ընտրություններում և դարձել ԱՄՆ նոր նախագահը: Երեք պաշտոնյաներ վերադառնում են նախարարական պաշտոններին:
Նրանք արդեն պաշտոններ են զբաղեցրել Բարաք Օբամայի օրոք: Նրանք են գյուղատնտեսության նախարար Թիմ Վիլսակը, Սպիտակ տան աշխատակազմի նախկին ղեկավար, այժմ՝ վետերանների գործերի նախարար Դենիս Մակդոնաղը և ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան, այժմ՝ երկրի ներքին քաղաքականության հարցերով նախագահի խորհրդական Սյուզան Ռայսը:
Բայդենի թիմի նորեկների թվում է Մարսիա Ֆաջը, ով կգլխավորի բնակարանաշինության և քաղաքաշինության նախարարությունը:
Քեթրին Թայը կդառնա ԱՄՆ առևտրի ներկայացուցիչ: Թիմը գրեթե ամբողջական է: Թափուր կմնա միայն գլխավոր դատախազի պաշտոնը: Հիմնական խնդիրը, որ Բայդենը դնում է Նախարարների և խորհրդականների առջև՝ այնպես անել, որ կառավարությունն աշխատի ի շահ քաղաքացիների։










































