Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսն արգելափակել է ամերիկյան զենքի և զինտեխնիկայի մատակարարումը Թուրքիային:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ԱՄՆ պետքարտուղարի ռազմա-քաղաքական հարցերի գծով օգնական Քլարք Կուպերը:
«Կա՞ Կոնգրեսի կողմից Թուրքիային զենքի վաճառքի արգելափակում. այո՛»,- ասել է Կուպերը: Այլ մեկնաբանություններ բանախոսն այս առնչությամբ չի հնչեցրել:
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ ցանկացած որոշում, որ սահմանափակում է Թուրքիայի հնարավորությունները ռազմական ոլորտում շատ կարևոր է. «Քանի որ Թուրքիան դժբախտաբար այսօր ակնհայտ թշնամական քաղաքականություն է վարում Հայաստանի նկատմամբ։ Հայ-ադրբեջանական պատերազմում ակնհայտ աջակցություն ցույց տվեց Ադրբեջանին, ուստի Թուրքիայի ռազմական հնարավորությունների վրա ցանկացած սահմանափակում դրական է։ Դա կլինի եվրոպական երկրների, Միացյալ Նահանգների, Կանադայի կողմից՝ հօգուտ մեզ է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Մեր զրուցակցի խոսքերով՝ ԱՄՆ-ի այս որոշումն ունի նաև քաղաքական նշանակություն. «Ավտոմատ բոլոր երկրները, որոնք Միացյալ Նահանգների հետ ունեն ռազմական հարաբերություններ,զգուշավոր կլինեն Թուրքիայի հետ համագործակցության առումով։ Ինչպես գիտեք՝ Կանադան որոշում ընդունեց թուրքական «Բայրաքթարի» համար այլևս մասնիկներ չմատակարարել։ Դա մեծ քայլ էր։ Նույնը նաև Ֆրանսիայի ու Հունաստանի քաղաքական քայլերը Թուրքիայի դեմ։ Դրանք մեզ համար միանշանակ դրական են»։
Հարցին՝ ուշացա՞ծ չեն ԱՄՆ-ի քայլերը, Ստեփան Գրիգորյանը պատասխանեց.«Ես չեմ կարծում, որ եթե նույնիսկ այդ քայլերը լինեին պատերազմի ժամանակ՝ ելքը այլ կլիներ։ Որոշողը Միացյալ Նահանգները չէին, այլ Ռուսաստանն ու Թուրքիան։ Ռուսաստանը որոշեց Ադրբեջանին տալ Ղարաբաղի շրջակա տարածքները, Շուշին ու Հադրութը։ Բնական է, որ ԱՄՆ-ի քայլերը դա չէին փոխելու։Եթե ավելի շուտ լիներ՝ միանշանակ դրական կլիներ, բայց մեծ փոփոխություններ չէին լինի։ Միացյալ Նահագները չէին, որ այստեղ որոշումներ էին ընդունում, այդ որոշումներն ընդունում էր Ռուսաստանը»։
Ինչու՞ ԱՄՆ-ն իր տեղը զիջեց Ռուսաստանին, հարցին ի պատասխան, մեր զրուցակիցն ասաց.«Առաջին հերթին զիջեց այն պատճառով, որովհետև Միացյալ Նահանգները զբաղված էին ընտրություններով։ Այդ պատերազմի ժամկետները պատահական չէին ընտրված։ Ադրբեջանն ու Թուրքիան ընտրեցին հենց այդ ժամանակահատվածը, որովհետև Միացյալ Նահանգներում ընտրական արշավ էր ու մեծ ուշադրություն չդարձվեց այս հարցին։ Դուք գիտեք, որ ԱՄՆ-ի համար թիվ մեկ իրադարձությունն իրենց նախագահական ընտրություններն էին, Կոնգրեսի ու Սենատի ընտրությունները։ Միացյալ Նահագների ադմինիստրացիան բավականին լավ արձագանքեց, հօգուտ մեզ արձագանքեց, բայց զբաղված էր իր ընտրություններով և ուզենար էլ ուժային աջակցություն ցույց չէր տա։











































