Մոլդովայի վարչապետ Իոն Կիկուն փետրվարի 7-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է, որ առաջիկա 10-12-ին օրերին կառավարությունը պարտավոր է աշխատել պետական բյուջեի նախագծի վրա, որպեսզի խորհրդարանը կարողանա այն հաստատել վերջնական ընթերցմամբ. պաշտոնաթողության մասին առայժմ խոսք չկա, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
Ընտրված նախագահ Մայա Սանդուն դեկտեմբերի 6-ին բողոքի ակցիա էր կազմակերպել Քիշնևի կենտրոնում: Ակցիայի մասնակիցները պահանջել են, որպեսզի վարչապետը հրաժարական տա, քանի որ իբր գլուխ չի հանել երկրի իրադրությունից: Նաև Սանդուն համառորեն պնդում է վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ անցկացնել:
«Կառավարությունն այժմ բարոյական պարտք ունի՝ հաստատել բյուջեն, որպեսզի երկրում աշխատավարձ և թոշակներ վճարելու խնդիր չլինի, ուստի ես բոլորին խնդրում եմ հանգստություն պահպանել: Առաջիկա 10-12-ին օրերին հարկավոր է ընդունել պետական բյուջեի նախագիծը, իսկ հետագայում բոլոր քաղաքական գործիչները պետք է լինեն պատասխանատու և անեն այն, ինչը խնդրում է հասարակությունը»,-ասել է Կիկուն:
Նրա խոսքով՝ նոյեմբերի 15-ից հետո Մոլդովան հերթական ընտրարշավ է սկսել, որովհետև բոլոր քաղաքական գործիչները պատրաստվում են վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների:
Տեղի օրենսդրության համաձայն, նախագահը չի կարող պաշտոնաթող անել վարչապետին և արձակել խորհրդարանը: Ուստի Սանդուի կողմնակիցները համառորեն պնդում են վարչապետի կամավոր պաշտոնաթողությունը: Եթե դրանից հետո պատգամավորները չկարողանան ձեւավորել նոր նախարարների կաբինետ, ապա երկրին սպասում են վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ:











































