Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օրերս հանդիպել է անհետ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների և խաղաղ բնակիչների մի խումբ հարազատների հետ, որին մասնակցել է նաև Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը: Վերջինս անձամբ այցելել է Ադրբեջան, տեղում հանդիպել հայ որոշ ռազմագերիների հետ և նրանց անուն-ազգանունները տրամադրել հայկական կողմին:
Արցախի նախագահը նշել է, որ Ադրբեջանն այս պահի դրությամբ հաստատել է գերության մեջ գտնվող ավելի քիչ անձանց անուններ, քան մեր անառարկելի ապացույցներն են ցույց տալիս:
Այս առնչությամբ փաստաբան Արա Ղազարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ եթե հայկական կողմն ունի տվյալներ, դրանք պետք է ներկայացնի գերիների հետ կապված բացված դատավարությանը. «Երկրորդ, եթե ունեն տվյալներ, պետք է դիմեն Կարմիր խաչին, որպեսզի վերջինս դիմի Ադրբեջանի Կարմիր խաչին այդ մարդկանց մոտ մտնելու համար: Բնականաբար, Ադրբեջանը կմերժի դա, բայց եթե հետո պարզվի, որ կան այդ անձինք, խնդիրներ են ծագելու: Ավելի լավ է իրավական գործընթացը շարունակել, և ես վստահ եմ, որ Հայաստանը հաջողություն կգրանցի ՄԻԵԴ-ում հարուցված վարույթի շրջանակներում»:
Արա Ղազարյանը հավելեց, որ, քանի որ բանակցությունները դեռ ընթանում են տարբեր թեմատիկ ոլորտներով, սա էլ ոլորտներից մեկն է, պետք է բանակցություններ վարվեն ռազմագերիների հարցով:
Հարցին՝ իր կարծիքով՝ ո՞րն է պատճառը, որ Ադրբեջանը չի ներկայացնում իրական թվերը, հնարավո՞ր է, որ նրանցից ոմանց խոշտանգած, անգամ սպանած լինեն, փաստաբանը պատասխանեց. «Հնարավոր է՝ ժամանակ են ձգում, որ մարմնական վնասվածքները անհետանան, որ ապացույցներ չլինեն, որովհետև իրենք գիտեն, որ ռեպատրիացիայի ենթակա անձինք, նաև մահացածները հետո մեզ մոտ դատաբժշկական փորձաքննության են ենթարկվում, և իրենք դրա հետևանքով կարող են խնդիրներ ունենալ: Երկրորդ, իրենք կարող են մանիպուլյացիաներ անել, որպեսզի ռազմագերի ասվածի շրջանակը լայնացնեն ու նախկինում մեզ մոտ հանցագործությունների համար դատապարտված Քելբաջարի դիվերսանտներին հետ ստանան: Հնարավոր է՝ իսկապես որոշ անձինք արդեն մահացած լինեն, և իրենք հետքերն են թաքցնում: Այդ դեպքում նրանք կհամարվեն անհետ կորածներ: Իրավական գործընթացներում անհետ կորած անձն իր կարգավիճակով հավասարեցվում է մահացած անձին, և, եթե փաստերը ցույց տան, որ նա եղել է Ադրբեջանի իրավազորության ներքո, արդեն պատասխանատվությունն ավտոմատ կերպով անցնում է պետության վրա, որը տվյալներ չի տրամադրում: Հյուսիսային Կիպրոսի վերաբերյալ արդեն 35 տարի այդ խնդիրը կա»:
Դիտարկմանը, թե արդյո՞ք Ադրբեջանը միտումնավոր է գործընթացը ձգձգում, նա արձագանքեց. «Ես կարող եմ ասել, որ դեռ մեկ ամիս է անցել ռազմական գործողությունների դադարից հետո, տրամաբանորեն դա դեռ ողջամիտ ժամկետ է, որ դեռ չեն վերադարձրել ռազմագերիներին, բայց, մյուս կողմից, եթե Արցախի նախագահն ասում է, որ ձգձգում են, նշանակում է՝ ինքն ինֆորմացիա ունի: Ես ձգձգման հնարավոր մի քանի պատճառների մասին արդեն նշեցի»:








































