Թուրքիայում դեկտեմբերի 4-ին կորոնավիրուսային հիվանդության հայտնաբերված դեպքերի թիվը կազմել է 32.736, որը երկրում համաճարակի բռնկումից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է համարվում։ Այս մասին հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարարությունը։
Ինչպես ավելի վաղ ասել էր առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, Թուրքիայի մի քանի շրջաններում, ներառյալ Ստամբուլում, կորոնավիրուսային համաճարակի տարածման արդեն երրորդ ալիքն է հասունացել: Վերջին շաբաթվա ընթացքում երկիրը բազմիցս արձանագրել է օրական կորոնավիրուսի նոր դեպքերի և դրանից մահացության ռեկորդային ցուցանիշներ:
«Այսօր հայտնաբերվել է COVID-19- ի 32.736 նոր դեպք: Գրանցվել է 193 մահ, իսկ համաճարակի սկզբից ի վեր մահերի թիվը հասել է 14.509-ի: 5703 հիվանդ ծանր վիճակում է»,- ասված է Թուրքիայի առողջապահության նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ:
Թուրքիայում համաճարակի բռնկումից ի վեր գրանցվել է COVID-19 վարակման 527.070 դեպք, մահացել է 14.502 մարդ, ծանր վիճակում է գտնվում 5.703-ը։ Ընդհանուր առմամբ կատարվել է ավելի քան 19 միլիոն թեստ։ Թուրքիայում վերջին օրերին անընդհատ աճում են կորոնավիրուսային համաճարակի արձանագրված դեպքերի թվերը։ Ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ նշում են, որ իրական թվերը շատ ավելի սարսափելի են, և դրանք միտումնավոր կերպով թաքցվում են իշխանությունների կողմից։ Թուրքիայի ամբողջ տարածքում կորոնավիրուսային վարակով պայմանավորված գործում են մի շարք սահմանափակումներ։











































