Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաթումում կալանվել է BARKO բեռնանավը, որը լողում էր թուրքական դրոշով։ Վրացական կողմը թուրքական բեռնանավի կալանումը պայմանավորել է վերջինիս կողմից իր ջրատարածության աղտոտմամբ։
Նավապետ, Թուրքիայի քաղաքացի Թաքսին Էրչանի դեմ վարչական գործ է հարուցվել։ Էրչանը ստիպված է վճարել 65,000 լարի տուգանք (մոտ 42,000 ամերիկյան դոլար)։
Կալանված նավն ուղարկվել է Բաթումի տուգանային նավամատույց։ Բեռնանավը բաց կթողնվի տուգանքի վճարումից հետո։
Հիշեցնենք, որ Վրաստանը բազմիցս կալանել է նաև Թուրքիայից Աբխազիա մեկնող առևտրանավերը: Վրաստանի կողմից թուրքական նավերի կալանման գործընթացն սկսվել է 1995 թվականից և շարունակվում է ավելի քան 15 տարի:
Այդ 15 տարիների ընթացքում Վրաստանի իշխանությունները կալանել են շուրջ 100 թուրքական նավ, որոնք սովորաբար հետ չեն վերադարձվել թուրքական կողմին ու հանվել են աճուրդի: Միևնույն ժամանակահատվածում թուրքական կողմը կալանված նավերի ու ձերբակալված անձնակազմերի ազատ արձակման համար վրացական կողմին վճարել է 100 միլիոն դոլարի տուգանք:







































