Ներքաղաքական ու ներհասարակական շոկը գնալով էլ ավելի է խորանում։ Ելքերի փոխարեն, նախկին ու ներկա իշխանությունները միմյանց հասցեին փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում, այնինչ՝ անասելի անելիք կա, բայց, փաստորեն, անող չկա։
Ինչո՞ւ։ Այս շոկն ինչի՞ց առաջացավ․ «Առաջին լրատվական»-ի հարցին «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը պատասխանեց․ «Շոկն առաջացավ այն փաստի արձանագրումից, որ մենք տանուլ ենք տվել այս պատերազմը։ Դրանից հետո սկսեցին փնտրել բոլոր այն մեղավորներին, որոնք դարձել են այս պատերազմի պարտության պատճառը։ Շոկը նաև այն բանից էր, որ տասնամյակներ շարունակ մենք շատ հանգիստ ենք եղել Ղարաբաղյան հակամարտության ընկալումների հարցում։ Ես հատուկ վեր եմ հանել սոցիոլոգիական հարցումները, որոնք անց են կացվել 1994 թվականից Հայաստանում և Արցախում։ Արդյոք հակամարտության լուծման խնդիրն առաջնա՞յին է մեր հասարակության համար, թե՞ ոչ, և ընդհանրապես կա՞ արդյոք անվտանգության սպառնալիքի ակնկալում հանրության մեջ։ Ի զարմանս ինձ, բացի մեր կենտրոնի անցկացրած հարցումներից, մյուս սոցիոլոգիական հարցումներն էլ ցույց էին տալիս, որ մինչև Ապրիլյան պատերազմը Ղարաբաղյան հակամարտության խնդիրը հասարակության կողմից գերկարևոր հարց չէր համարվում։ Այսինքն՝ եթե մարդկանց հարցեր էին հղվում, թե ինչ խնդիրներ կան ու որոնք են, որ Հայաստանում առաջին հերթին պետք է լուծվեն, ապա նրանք բարձրացնում էին սոցիալ-տնտեսական խնդիրներ, աշխատատեղերի հարցը, կոռուպցիայի հետ կապված խնդիրները։ Ոչ կրթության խնդիրը, ոչ էլ հակամարտության կարգավորման խնդիրն առաջին երեք տեղերը երբեք չեն զբաղեցրել։ Ղարաբաղյան հակամարտության խնդիրը լավագույն դեպքում եղել է չորրորդ, հինգերորդ տեղերում, միայն մի ինչ-որ փուլում եղել է երրորդ տեղում»։
Մանրամասները՝ տեսանյութում։











































