Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արտաքին գործերի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել ԱԳ նորանշանակ նախարար Արա Այվազյանին, հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանին այս դժվարին ժամանակաշրջանում կատարած աշխատանքի համար:
«Իհարկե, մենք գտնվում ենք չափազանց բարդ և ծանր մի ժամանակահատվածում, երբ եթե համարենք, որ ինչ-որ առումով ռազմական ծանրաբեռնվածությունը նվազում է, հայտնի հանգամանքների բերումով, դիվանագիտական ծանրաբեռնվածությունը համապատասխանաբար մեծանում է ու հենց դիվանագիտական ճակատն է հիմա ամենակարևորն ու ծանրաբեռնվածը: Այս առումով, հույս ունեմ, որ նորանշանակ նախարարը կկարողանա ողջ դիվանագիտական համակարգը համախմբել և կենտրոնացնել մեր ազգային ու պետական խնդիրները լուծելու համար: Հույս ունեմ, որ պարոն Մնացականյանը, ով մեծ հարգանք և հեղինակություն է վայելում համակարգում, կաջակցի այդ հարցում», – ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է խնդիրների ձևակերպումը, որովհետև, նրա խոսքով, երբեմն դրանք ձևակերպելիս ենք խնդիր ունենում:
«Այս ամենը պետք է վերլուծվի, պետք է հետևություններ արվեն, պետք է չվախենանք այդ հետևությունների մեջ լինել համաձակ, լինել դաժան ինքներս մեր նկատմամբ, որպեսզի այս ամենից կարողանանք դուրս գալ ուժեղացած», – նշել է վարչապետը և Արա Այվազյանին մաղթել հաջողություն հետագա գործունեության մեջ:











































