Նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ հայտարարության արդյունքներով Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներ, որոնք սահմանակից էին Քարվաճառի շրջանին, դառնում են սահմանամերձ։ 18 համայնք ներառող Գեղամասար խոշորացված համայնքի 13 գյուղ դառնում է սահմանամերձ։ Համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը, սակայն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ խուճապ չկա, մարդիկ ընկալում են իրավիճակը և ըմբռնումով են մոտենում։ «Ես կարող եմ ասել, որ մարդիկ այս պահին դուխաթափված են միայն մի բանից, որ պատերազմն այս ձևով ավարտվեց։ Այս ելքը ոչ մեկիս սրտով չի, ոչ մեկ չէր ցանկանա, որ նման բան լիներ։ Այս վիճակը ոչ մի հայի սրտով էլ չի, իսկ մնացած մասով ժողովուրդը ոչ մի բանից չի վախենում։ Ինչ կա, դա իրականություն է և ստիպված ենք հարմարվել այդ իրականության հետ։ Ունենք այն, ինչ ունենք, ոչինչ փոխել չենք կարող և վստահ ենք, որ ոչ մի խնդիր չի առաջանա։ Ամենակարևորը՝ խուճապ չկա, որ սահմանապահ գյուղ է դառնում, ու մարդիկ, դրանից դրդված, ինչ-որ քայլեր անեն։ Չկա նման բան»,- ասաց համայնքապետը՝ հավելելով, որ մարդկանց մոտ ոչ էլ արտագաղթելու, սահմանամերձ դարձած համայնքներից դուրս գալու, այլ համայնք կամ այլ քաղաք տեղափոխվելու մտադրություն կա։ «Բոլորն էլ մնալու են, իրենց բնականոն կյանքով ապրելու են։ Վստահ եմ, որ մենք նման խնդիրներ չենք ունենա»,- ասաց Ավետյանը։
Մեր դիտարկմանը՝ արդեն քննարկո՞ւմ են հարցեր, որոնք անհրաժեշտ են սահմանամերձ գյուղերի պաշտպանունակությունը բարձրացնելու ուղղությամբ, Ավետյանն ասաց, որ այդ հարցերը առաջիկայում կքննարկեն կառավարության հետ։ «Չգիտեմ, թե ինչքան դրա անհրաժեշտությունը կլինի, բայց որ եղավ՝ անհրաժեշտ ամեն ինչ կարվի սահմանները ամուր պահելու, բնակիչների անվտանգությունը բարձրացնելու, սահմանային պաշտպանության գործում բնակիչների ներգրավվածության մասով։ Կրկնում եմ, չգիտեմ, դրա անհրաժեշտությունը կլինի, թե չէ, բայց որ եղավ, մեր ժողովուրդը մի մարդու պես պատրաստ է դրան։ Նորից եմ կրկնում, խուճապ չկա, մարդիկ իրենց բնականոն կյանքով ապրում են՝ հարմարվելով նոր իրականությանը»,- ասաց համայնքապետը։
Վարդենիսի հատվածից սահմանամերձ գյուղերը մեծ գյուղեր չեն։ Կան գյուղեր, որ 1000 բնակիչ ունեն, կան նաև, որ ավելի քիչ բնակչություն ունեն։
Գեղամասարի համայնքապետը նաև նշեց, որ այս պահին բավականին շատ արցախցիներ են գալիս այս սահմանամերձ համայնքներ։ Կան ընտանիքներ, որ մնալու են մշտական, կան, որ ժամանակավոր են մնում, մինչև վերադառնան Արցախ։ «Կան ընտանիքներ, որ ցանկանում են վերադառնալ այն տարածքներ, որ մնացել են՝ Ստեփանակերտ և մյուս տարածքներ, կան նաև ընտանիքներ, որ դեռ կմնան՝ մինչև հասկանան իրենց անելիքները։ Դա մեկ օրվա մեջ որոշելիք հարց չէ։ Հիմա օգնում ենք, որ մնան, ձմեռն անցնի, դրանից հետո արդեն պարզ կլինի՝ կմնա՞ն մշտական, թե՞ ոչ։ Եթե կուզենան մշտական մնալ, մենք ամեն ինչով կաջակցենք, կօգնենք նրանց»,- եզրափակեց Հակոբ Ավետյանը։
Լուսանկարը՝ Armeniasputnik-ի







































