Լրագրող Վարդ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Սիրելիներ, ՀՀ-ն և Արցախը կանգնած են արհավիրքի առաջ` այսօր արդեն քաղաքացիական պատերազմի և պետականության կորստի մռայլ հեռանկարով։ Նիկոլ Փաշինյանի և նրա վարչակազմի վստահության ռեսուրսը սպառված է, մենք դատապարտված ենք ժամ առաջ կանգնեցնել մեկ մարդու անվերահսկելի, միահեծան իշխանությունը, կասեցնել փողոց նետված քոչարյանական ռևանշիստների գլխակեր զորահավաքը, իսկ հանրային հարթակներում վերջ տալ միմյանց նկատմամբ տարվող «փայլուն» հաղթանակներին։ Ո՞րն է ելքը․
ա/ Նախագահին կից ստեղծել արտակարգ իրավիճակը համակարգող հատուկ մարմիններ, որոնք բաղկացած կլինեն բացառապես տեխնոկրատներից և կկատարեն ուղեղային կենտրոնների դեր՝ հավաքագրելով տարբեր ոլորտների փորձագիտական ներուժը։ Հայաստանի քաղաքական դաշտը վաղուց ականապատված է, և մենք չունենք քաղաքական համակարգ, որը կստանձներ այս դերակատարումը։
բ/ Համակարգող մարմինները երեքն են․
1․Բանակցային նոր օրակարգ ձևավորող մարմին
Այստեղ ընգրկվում են հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, բանակցային պրոցեսին տիրապետող նախորդ և ներկա ԱԳՆ պաշտոնյաներ, ինչպես նաև միջազգային իրավունքի մասնագետներ, սահմանադրագետներ, կոնֆլիկտոլոգներ։ Այս պահին մենք ունենք դիվանագիտական պատուհաններ դեպի Շուշի, Հադրութ, Քաշաթաղի շրջան, Բերձոր և նույնիսկ դեպի Քարվաճառ։
2․Ժամանակավոր կառավարման մարմին
Այս մարմնի հիմնական գործառույթն է սահուն և անցնցում երկիրը տանել նոր ընտրությունների՝ վերականգնելով նախկին սահմանադրական կարգը՝ կիսանախագահական կառավարումը՝ կատարելով Ընտրական օրենսգրքի հետ կապված կենսական այն փոփոխությունները, որոնք այդպես էլ չիրականացրեց հեղափոխական կոչված կառավարությունը։
Կառավարման այս մարմինը ժամանակավորապես իր վրա է վերցնում իշխանական երեք թևերի/օրենսդիր, գործադիր, դատական/ գործառույթներ։ Այստեղ նույնպես աշխատում են ոլորտի անկախ մասնագետներ, որոնք որևէ կոորպորատիվ և քաղաքական շահի կրողներ չեն։ Այս մարմինի որևէ ներկայացուցիչ չի առաջադրվում, իսկ ընտրությունների արդյունքների հրապարակման պահին նրանց գործառույթները դադարեցվում են։ Այստեղ կարևորվում է տնտեսական ոլորտի, բանկային մասնագետների առկայությունը՝ երկիրը տնտեսական ցնցումներից և ինֆլյացիոն գործընթացներից զերծ պահելու համար։ Ցանկացած հարց քննարկվում և քվեարկվում է հնարավորինս հրապարակային՝ չբացառելով նաև փակ նիստերի գոյությունը։
3․Օպերատիվ կառավարման կենտրոն
Սա փախստականների և զինծառայողների խնդիրներով զբաղվող ժամանակավոր մարմին է, որի գործառույթներն այնտեղ են, որտեղ կա պատերազմի հետևանքների հետ կապված առողջական, սոցիալական, տնտեսական որևէ հիմնահարց։ Այս և մյուս մարմինների մասնագետների կարելի է հրավիրել ինչպես պետական համակարգից, այդպես էլ մասնավոր սեկտորի հեղինակավոր կառույցներից, ինչպես ՀՀ-ից, այդպես էլ սփյուռքի փորձագիտական համայնքից։
Ի գործ․․․․այս առաջարկը կարող է համալրվել նոր գաղափարներով ու մտքերով։









































