«Դա հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն է։ Մենք նման պայմանավորվածություն այս պատերազմի ժամանակ ունեցանք 3 հատ։ Սա դրանցից մեկն է։ Կրկնում եմ, դա հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն է, դա միջազգային պայմանագիր չէ, բայց միջազգային համաձայնագիր է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը՝ անդրադառնալով կարծիքներին, թե Հայաստանի վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված փաստաթուղթը զուտ հայտարարություն է և իրավական ուժ չունի։
Ղազարյանի խոսքերով, եթե նայում ենք Սահմանադրության լեզվով, ապա դա միջազգային պայմանագիր չէ, քանի որ պայմանագիր է այն փաստաթուղթը, որում մանրամասնորեն պետք է կարգավորվեն քաղաքացիների իրավունքները, տարածքների վերաբերյալ փոփոխությունները, որոնք պետք է վավերացվեն Ազգային ժողովի կողմից։ «Բայց, քանի որ հիմա հնարավոր չէ նման պայմանագիր կնքել, որը կլինի խաղաղության պայմանագիր և դա շատ ծավալուն փաստաթուղթ է՝ տասնյակ, հարյուրավոր էջերից կազմված։ Հետևաբար, այն ինչ ունենք, դա հրադադարի վերաբերյալ որոշում է, որը մեր կողմից ստորագրվել է վարչապետի կողմից։ Նա, կիրառելով գործադիր իշխանությունը, ստորագրել է գործադիր որոշում, որը տեղավորվում է Սահմանադրության շրջանակներում»,- ասաց Ղազարյանը՝ հավելելով, որ, միևնույն ժամանակ, այս փաստաթղթի բոլոր կետերը իրագործելի չեն առանց միջազգային պայմանագրի, քանի որ դրա որոշ կետեր կոնկրետ իրավական գործընթացներ են ենթադրում։ Օրինակ՝ այնտեղ կետ կա, որը հանրաքվեի կարիք ունի։ «Թեկուզ քաղաքացիների գույքային իրավունքի վերաբերյալ հարցերի լուծումը, կամ, ասենք, պատմամշակութային կոթողների պահպանության, նրանց այցելության, խնամքի հարցերը պետք է կարգավորվեն։ Դա, ինչպես Կոսովոյի դեպքում, պետք է կարգավորվեն խաղաղության պայմանագրով, որը պետք է վավերացվի նաև ԱԺ-ի կողմից որպես միջազգային պայմանագիր։ Կրկնում եմ, այն, ինչ հիմա ունենք, պայմանագիր չէ»,- ասաց Ղազարյանը՝ հավելելով, որ դա չի նշանակում, որը ստորագրված փաստաթուղթը իրավական ուժ չունի։ «Ինչպես կարող է դա իրավական ուժ չունենալ, եթե երկրի առաջնորդն է ստորագրել այն։ Այդ փաստաթուղթը ստորագրել են ոչ թե գեներալների ինչ-որ խումբ, քաղաքական ֆրակցիաներ, որոնք դրա իրավունքը չունեն, այլ ստորագրել է երկրի առաջնորդը։ Դա իրավական ուժ, իհարկե, ունի, բայց Հայաստանը կարող է չկատարել այդ պարտավորությունները։ Պարզապես դա նշանակում է, որ հենց վաղն էլ կվերսկսվեն պատերազմական գործողությունները, որովհետև պատերազմը չի դադարել, քանի դեռ չկա խաղաղության պայմանագիր։ Դա քաղաքական պայմանավորվածություն է, միջազգային պարտավորություն, որի տակ ստորագրել է երկրի առաջնորդը։ Երկրի առաջնորդը ինքը կարող է չեղարկել դա, բայց, կրկնում եմ, մենք նորից պետք է պատրաստ լինենք, որ պատերազմական գործողությունները կսկսվեն, այն, ինչի մասին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցությունը։ Իսկ թե մենք կարո՞ղ ենք շարունակել պատերազմը, թող գեներալները այդ հարցին պատասխանեն»,- ասաց Ղազարյանը։
Մեր դիտարկմանը՝ այդ փաստաթուղթը այն տեսքով, որով որ կա, ենթադրո՞ւմ է, որ ռուս խաղաղապահները պետք է անմիջապես տեղակայվեին Լեռնային Ղարաբաղի սահմանին, Ղազարյանը պատասխանեց. «Այո՛, կարող էին, բայց դա չի նշանակում, որ մարդիկ պետք է այդտեղից դուրս գան։ Այդ փաստաթղթում ոչինչ չի կարող նշված լինել, որ մարդիկ պետք է իրենց գույքը թողնեն ու դուրս գան։ Իսկ եթե մարդիկ մասսայաբար նման ցանկություն են հայտնում, ապա դա նշանակում է, որ պետք է բանակցել և ժամկետները երկարաձգել։ Հակառակ դեպքում փաստաթուղթը դառնում է անիրավաչափ, մարդու իրավունքների կոպիտ խախտումներով, իսկ միջազգային որևէ պայմանավորվածություն չի կարող գործել մարդու իրավունքների կոպիտ խախտումներով։ Հետևաբար՝ պետք է բանակցել ու ավելի շատ ժամանակ տալ քաղաքացիներին դուրս գալ այդ տարածքներից։ Հակառակ դեպքում, կրկնում եմ, դա կլինի անիրավաչափ միջամտություն հենց ռուս իշխանությունների կողմից։ Վաղը այդ քաղաքացիները կարող են գանգատներ ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Ռուսաստանի»։
Նշենք, որ երեկ Քարվաճառի բնակիչ, անկախ փորձագետ, հասարակական գործիչ Ալեքսանդր Քանանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ռուս խաղաղապահները արդեն սկսել են բռնություն գործադրել հայ բնակչության նկատմամբ։ Մասնավորապես, արտաքսում են տներից և թույլ չեն տալիս առաջին անհրաժեշտության իրերը հանել։










































