«Առաջին լրատվական»-ը շարունակում է հետևել հրադադարին հաջորդած զարգացումներին: Եվ այժմ թեմայի շուրջ զրուցում ենք «Հայ կառուցողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանի հետ:
Մեր զրուցակիցը կարևորեց այն, որ դեռևս չկա համաձայնագիր, կա ընդամենը որոշման հայտարարություն, և այդ հայտարարության հիման վրա արդեն կատարվում են ինչ-որ գործընթացներ. «Այդ կետերը ընդամենը կողմերի քաղաքական որոշումն են, բայց դա պայմանագիր չէ, համաձայնագիր չէ, իրավական պարտավորություններ ընդունող փաստաթուղթ չէ: Այդ որոշումը նշանակում է, որ Ադրբեջանը, Ռուսաստանը և Հայաստանը դուրս են գալիս Մինսկի ֆորմատից»:
Նրա խոսքով՝ այդ ամենը Արևմուտքում բնականաբար ստացավ բացասական գնահատական. «Միջազգային հանրության աչքերով՝ հայ ժողովուրդը պատանդ է Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի ձեռքերում: Արցախահայությունը այս պահի դրությամբ պատանդ է դառնում Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի ձեռքերում: Միջազգային հանրությանը այս իրավիճակը չի կարող բավարարել: ՌԴ-ի հովանու ներքո հայ ժողովրդի շահերը հասցված են մինիմալի, և մաքսիմալ արտահայտված են Թուրքիայի և Ադրբեջանի շահերը»:
Անդրիաս Ղուկասյանը չի կարծում, սակայն, որ Հայաստանի համար հարցը փակված է. «Մենք կարող ենք արձագանքել այդ որոշմանը: Այժմ միակ ինստիտուտը, որ պետք է գործի և չի գործում, Ազգային ժողովն է: Հայաստանում վարչապետը իրավասու չէ կայացնել նման որոշումներ: Վարչապետը պետք է ներկայանա Ազգային ժողով, տա իր բացատրությունները, և ԱԺ պատգամավորները պետք է կայացնեն իրենց որոշումը: Եթե մենք չենք ընդունում այս առաջարկը, ապա ՀՀ ԱԺ-ն պետք է հիմա ճանաչի Արցախի Հանրապետությունը, որպեսզի այն ձեռք բերի միջազգային սուբյեկտայնություն: Եվ Հայաստանի Հանրապետությունը պետք է դիմի միջազգային օգնության»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:










































