«Իրոք ծանր օր, ծանր գիշեր անցկացրեցինք: Սա ես այլ կերպ, քան անիրավ և դավադրության որոշակի տարրեր պարունակող գործընթաց չեմ կարող անվանել, որովհետև թե իրավական, թե քաղաքական տեսանկյունից, թե նաև աշխարհաքաղաքական որոշակի բարենպաստ ֆոնի տեսանկյունից, որ աստիճանաբար ձևավորվում էր արցախյան հակամարտության շուրջ, այսպիսի հանգուցալուծումը պարզապես մղձավանջ է և բացարձակապես անտրամաբանական»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սահմանադրական իրավունքի մասնագետ Արտաշես Խալաթյանը:
Նրա խոսքով՝ սա հիշեցնում է Հյուսիսային Կիպրոսի օկուպացիան նույն տխրահռչակ թուրքական կառավարության կողմից. «Նման մի պայմանագիր էլ կարող եմ հիշել՝ հենց Ալեքսանդրապոլի պայմանագիրը մեր դեպքում»:
Վերլուծաբան Հակոբ Բադալյանն էլ նկատեց, որ արդեն պատերազմի երկրորդ շաբաթից սկսած զգացվում էին որոշակի հայտարարությունների իրարամերժություններ, տրամադրությունների վայրիվերումներ, որոնք վերջին օրերին ավելի ինտենսիվ դարձան. «Իսկ նոյեմբերի 9-ի զարգացումները ընդհանրապես հասարակության համար տարակուսելի էին»:
Նրա խոսքով՝ այն, ինչի մեջ ապրում ենք, մղձավանջի տպավորություն է թողնում: Հակոբ Բադալյանը կարծում է, որ կորոնավիրուսի համաճարակից հետո, երբ աշխարհը կանգ առավ, ինչը փոփոխություններ բերեց աշխարհաքաղաքական միջավայրում, պրոցեսները սկսեցին զարգանալ բավական մտահոգիչ և դեստրուկտիվ հունով:
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարությանը, վերլուծաբանի կարծիքով՝ Ֆրանսիան և ԱՄՆ-ը որոշակիորեն հետ քաշված են. «Նրանք համարում են, որ Կովկասի խնդիրը Ռուսաստանի խնդիրն է, և եթե կա Թուրքիայի հետ խնդիր, դա Ռուսաստանի լուծելիք հարցն է: Իրենք որևէ շահագրգռություն չունեն Ռուսաստանի համար հարցեր լուծել Թուրքիայի հետ»:
Հակոբ Բադալյանն ընդգծեց. «Այս համաձայնագիրը ֆորմալ իմաստով եռակողմ է, սակայն դե ֆակտո մենք գործ ունենք երկկողմ՝ ռուս-թուրքական համաձայնագրի հետ: Հերթական անգամ այս երկու սուբյեկտների միջև տեղի է ունենում ռեգիոնի բաժանում»:
Մանրամասն՝ տեսանյութում:








































