Հայաստանում ծանր աղմուկ է նախօրեին կայացված քաղաքական որոշման հետևանքով, որն այլ կերպ, քան պարզապես հայկական պետականության կապիտուլյացիա Արցախին պարտադրված պատերազմում, գնահատել հնարավոր չէ:
Հայաստանի քաղաքական ղեկավարությունը՝ վարչապետ Փաշինյանը փորձում է հանրությանը բացատրել, թե ինչ է տեղի ունեցել և ինչու՝ ասելով, որ այդ կապիտուլյացիոն որոշման պատճառը եղել է բանակի հորդորը՝ ծանր ռազմաճակատային իրավիճակից ելնելով հնարավորինս արագ կանգնեցնել պատերազմը ավելին չկորցնելու համար: Զուգահեռ տարածվում են տեղեկություններ, որ եղել են դավաճանական դրսևորումներ՝ այդ իրավիճակը ծանրացնելու և Հայաստանին այդպիսի որոշում պարտադրելու համար:
Ի՞նչ է եղել, ինչպե՞ս, եղե՞լ են դավաճաններ, թե՞ փնտրվում են քավության նոխազներ՝ այդ բոլոր հարցերի պատասխանները պետք է տա նույն քաղաքական ղեկավարությունը, որը բնականաբար կայացված որոշման գլխավոր պատասխանատուն է: Եթե եղել է դավաճանություն, ապա դավաճանները պետք է հանրությանը ներկայացվեն համոզիչ ապացույցներով և ոչ թե լոկ քարոզչական միջոցներով:
Ընդհանրապես հարցերը շատ-շատ են, հարյուրավոր և գուցե հազարավոր, սակայն այժմ ծանր, ծանրագույն աղմուկ է մեր բոլորի ականջներում և հոգիներում: Մենք հաղթանակ ենք կորցրել, և միաժամանակ սխալ է ասել, թե այն կորցրել ենք պատերազմի 45 օրերի ընթացքում:
Մենք հաղթանակ ենք կորցրել այդ իսկ հաղթանակի հաստատումից թերևս անմիջապես հետո՝ սկսելով պարտվել խաղաղության մրցավազքում, պարտվել պետական շինարարության մեջ, պարտվել պետական կառավարման անարդյունավետությամբ, պարտվել ներքին հարաբերությունների կառուցման անարդյունավետությամբ, պարտվել արժեքներով, գաղափարապես և գլխավորը՝ այդ ամենում պարտվելով ոչ թե թշնամուն, որը մեզանից ավելի որակ չի ունեցել, այլ ունեցել է ավելի շատ փող և թերևս ավելի շահեկան դաշնակից, այլ պարտվելով ինքներս մեզ: Մենք թշնամուն չենք պարտվել, թշնամին չի կարողացել հաղթել մեր բանակին: Մենք պարտվել ենք ինքներս մեզ, առաջին հաղթանակից մինչև երկրորդ պատերազմի սկիզբ, պարտվել ենք ինքներս մեզ՝ ամենատարբեր սխալներով ու բացթողումներով:
Չափազանց ծանր է լինելու գալ հաղթանակի ռեժիմի, գիտակցել սխալները, չտրվել պատասխանատվությունից փախչելու գայթակղության, այլ պայմանավորվել անելիքների շուրջ: Մենք պետք է ձևավորենք հաղթանակի ազգային նպատակ, որը պետք է լինի համազգային փոխզիջման արդյունք: Այլընտրանք չկա, այլընտրանքը ամբողջ պետականության կորուստն է:






































