«Այս ամենի պատճառը անպատժելիությունն ու թավիշն է։ Երբ դու միջոցներ չես ձեռնարկում պատասխանատվության ենթարկելու դավաճաններ հայտարարված անձանց՝ դու ստանում ես նման վիճակ, երբ պերմանենտ ունենում ես մարդիկ, որոնք քեզ չեն ծառայում։ Եթե հեղափոխությունից հետո դու լյուստրացիա, վեթինգ չես իրականացնում այն համակարգերում, որոնք քո անվտանգությունն են ապահովում, ունենալու ես պերմանենտ դավաճանություն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ անդրադառնալով ԱԱԾ հերթական տնօրենի փոփոխությանը։
Հիշեցնենք, որ կիրակի օրը անսպասելի կերպով պարզ դարձավ, որ իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է ԱԱԾ նորանշանակ տնօրեն Միքայել Համբարձումյանը, ով այդ պաշտոնում աշխատում էր ընդամենը 1 ամիս։ Համբարձումյանը հեղափոխությունից հետո հինգերորդ ԱԱԾ տնօրենն էր, որը ազատվեց պաշտոնից։ Նրան պաշտոնից ազատելու առաջարկը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Գնդապետ Միքայել Համբարձումյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով 2020 թվականի օգոստոսի 11-ին նշանակվել էր Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, իսկ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին՝ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող: Համբարձումյանը երեկ կարճ հաղորդագրություն էր տարածել: Ըստ նրա՝ ինքը դեռ հոկտեմբերի 28-ին իր կողմից որոշում է կայացրել և իր իսկ նախաձեռնությամբ դիմել է ՀՀ վարչապետին իրեն աշխատանքից ազատելու խնդրանքով, որին, սակայն, այդ պահին ընթացք չի տրվել: Երեկ, սակայն, դիմումը բավարարվել է։ Համբարձումյանը նշել է, որ իրեն վարչապետը առաջարկել է շարունակել ծառայությունը տնօրենի տեղակալի պաշտոնում, որին ինքը չի համաձայնել՝ միևնույն ժամանակ պնդելով աշխատանքից ազատվելու իր խնդրանքը, որը բավարարվել է: «Հաշվի առնելով ստեղծված իրավիճակն ու հնարավոր շահարկումները՝ մանրամասներ չեմ ներկայացնելու, որոնց գուցե, ըստ անհրաժեշտության, անդրադառնամ ռազմական գործողությունների ավարտից հետո:
Միաժամանակ իմ շնորհակալությունն եմ հայտնում ՀՀ և Արցախի ազգային անվտանգության ծառայության բոլոր աշխատակիցներին՝ հատկապես այս օրերին կատարած անձնվեր աշխատանքի համար»,- գրել է Համբարձումյանը։
«Սա այն էր, ինչի մասին մենք փորձում էինք բացատրել 2,5 տարի, և դրան պատշաճ արձագանքելու փոխարեն մեր գլխին հայհոյանքներ ու լուտանքներ էին թափում։ Այ հիմա թող հասկանան, թե ինչի մասին էինք մենք բարձրաձայնում և ինչ վտանգներ էինք կանխատեսում»,- ասաց Կարապետյանցը։
Իրավապաշտպանի խոսքով՝ ռազմական դրության ավարտից հետո հասարակությունը պետք է իմանա, բացատրություններ պետք է տրվեն, թե ինչու է մեկ ամսվա մեջ երկու ԱԱԾ տնօրեն փոխվում: «Մենք տոտալիտար երկիր չէինք կարծես այլևս ու պետք է իմանանք, թե ինչու են պաշտոնյաները հեռանում։ Ռազմական դրության ավարտից հետո այս հարցերի պատասխանները պետք է տրվեն։ Իսկ եթե կա դավաճանության նվազագույն էլեմենտ, ապա այդ պաշտոնյան տեղում պետք է ծեփվի պատերին և փռվի ասֆալտներին, որ հաջորդ եկողը շատ լավ հասկանա, թե ինչ է իրեն սպասվում դավաճանական որևէ քայլի գնալու դեպքում»,- ասաց իրավապաշտպանը։
Մեր դիտարկմանը՝ հակվա՞ծ է հավատալու, որ այս դեպքում էլ գործ ունենք դավաճանության հետ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Վստահ չեմ կարող ասել, բայց եթե սպառնալիքներ են հնչում ռազմական դրությունից հետո մանրամասներ ներկայացնելու և այլն, ապա ինչ-որ մի կողմում դավաճանություն կա։ Ամեն դեպքում ես այդ կառույցին վերապահումով եմ վերաբերվում և այդպես եմ վերաբերվելու, քանի դեռ լյուստրացիա և վեթինգ չի իրականացվել»։
Իրավապաշտպանի խոսքով՝ որպեսզի հաջորդիվ էլ ամիսը մեկ ԱԱԾ տնօրեն չփոխվի, հարկավոր են համակարգային փոփոխություններ, որի համար դեռ ժամանակ չկա հատկապես այս պատերազմական փուլում։ Իսկ մինչ հարմար ժամանակ գտնելը հարկավոր է գտնել հնարավորինս վստահելի և անբասիր անցյալ ունեցող, հայրենիքին հավատարիմ մարդ, որը չի վաճառի հայրենիքը: «Պետության շահին հարվածողը, պետության շահը նսեմացնողը շատ վտանգավոր է։ Նրանք հաստատ պետք է տեղ չունենան պետական համակարգում»,- եզրափակեց իրավապաշտպանը։
Հիշեցնենք, որ անցած տարի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ուժային կառույցների՝ ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքականացնելու մասին նախագիծը, որը հեղինակել էր «Լուսավոր Հայաստանը»։ Գործող օրենքով ԱԱԾ տնօրեն կարող է նշանակվել ԱԱԾ այն ծառայողը, որը մինչև նշանակումը այդ համակարգում զբաղեցրել է բարձրագույն խմբի պաշտոն կամ առնվազն 3 տարի զբաղեցրել է գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում: Ոստիկանության պետ կարող է նշանակվել ոստիկանության այն ծառայողը, որը մինչև նշանակումը զբաղեցրել է ոստիկանության բարձրագույն կամ առնվազն 3 տարի գլխավոր խմբի պաշտոն և ունի ոստիկանության գնդապետից ոչ ցածր ոստիկանության կոչում: Իսկ առաջարկված փոփոխության համաձայն՝ բոլոր այս պահանջներն այլևս պարտադիր չէին, և ԱԱԾ տնօրեն կամ ոստիկանապետ կարող է նշանակվել 25 տարին լրացած, վերջին 4 տարում միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող, վերջին 4 տարում Հայաստանում մշտապես բնակվող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: «Լուսավոր Հայաստանը» օրենսդրական իր նախաձեռնության հիմնավորման մեջ նշել էր, որ գործող օրենքով «կարևոր ուժային կառույցների ղեկավարներին պետության ղեկավարը կաշկանդված է նշանակել նույն համակարգում ծառայություն անցած անձանց շրջանակից, ինչը բացարձակապես անընդունելի կարգավորում է»: Հետևաբար առաջարկվում էր ՈՍ պետի և ԱԱԾ տնօրենի պաշտոնները հանել ոստիկանության պաշտոնների և ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների անվանացանկերից՝ ներառելով դրանք քաղաքական պաշտոնների անվանացանկում:
Դեռ անցած տարի նշվում էր, որ սա կարող է լուրջ համակարգային փոփոխության, ինչպես նաև համակարգի առողջացման սկիզբ լինել։ Սակայն առաջին ընթերցումից հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը դեմ քվեարկեց՝ պատճառաբանելով, որ «այս տեսքով դեմ են քվեարկում, որպեսզի նաև հնարավորություն տան հեղինակին առաջարկ ներկայացնելու»։ Դրանից հետո նախագիծը կրկին ԱԺ նիստերի օրակարգ դեռևս չի բերվել։











































