ՀՀ տնտեսությունը ճգնաժամից հետո այդպես էլ խելքի չի եկել, շարունակում է գտնվել ճգնաժամում, և այն բոլոր քայլերը, որ ձեռնարկել է կառավարությունը ճգնաժամից դուրս գալու համար արդյունք չեն տվել: Նման կարծիք «Առաջին լրատվականի» հետ զրույցում հայտնեց տնտեսագետ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը:
Նրա խոսքով, ՀՀ-ն համակարգային փոփոխությունների կարիք ունի ընդհանրապես, և տնտեսությունը մասնավորապես, ինչը նշանակում է, որ օլիգարխիկ, մենաշնորհային համակարգը պետք է փոխվի, վերանա և ստեղծվեն իսկապես ազատ շուկայական հարաբերություններ, որտեղ տնտեսվարող սուբյեկտները կկարողանան հավասար մրցակցել, ինչի արդյուքնում էլ գներն անընդհատ չեն աճի, այլ՝ կնվազեն, նոր աշխատատեղեր կստեղծվեն, ներդրումների համար հնարավորություններ կստեղծվեն:
Տարբեր միջազգային կառույցները նույնպես ՀՀ տնտեսությունը գնահատում են որպես կոռումպացված, 80-100%-ով ստվերային տնտեսություն, մաքսային համակարգի անկառավարելիություն, տնտեսության մեջ մրցակցության և վերահսկելիության բացակայություն:
Ազգային վիճակագրական ծառայությունը հաշվարկում է տնտեսական ակտիվության ցուցանիշ, որը հունիսին 2.3% աճ ապահովել է հիմնականում հանքահումքային ոլորտի հաշվին: Վ.Խաչատրյանի խոսքով, նաև կառավարությունն է հասկանում, որ դա աճ չի, մինչդեռ ՀՆԱ-ի երկրորդ եռամսյակի ցուցանիշները դեռ չկան:
«Վերջին տարվա ընթացքում ներդրումները նույնպես նվազել են: Այժմ ՀՀ-ում ներդրումներ են կատարում միայն այն ընկերությունները, որոնք որոշակի պարտավորություններ ունեն: Ներդրումների բացակայությունը վկայում է տնտեսության զարգացման հեռանկար չլինելու մասին»,- ասաց Վ.Խաչատրյանը:
Տնտեսագետի կարծիքով, երկրի սոցիալ-տնտեսական վիճակի մասին է խոսում դեմոգրաֆիական շարժը. բալանսն անցած տարվա առաջին կիսամյակում -44 հզ. է եղել, հիմա -80 հզ. է. «Գրեթե 2 անգամ ավելի շատ են մեկնել: Ի վերջո տարվա վերջին թիվն է կարևոր, բայց սա արդեն ազգային անվտանգությանը վտանգող հանգամանք պետք է դիտարկվի»:
Վ.Խաչատրյանը մեջբերեց մի հետաքրքիր փաստ ևս. բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ ցույց տրվեց, որ եկամուտների հավաքագրումը 0. 3%-ով թերակատարվել է, սակայն անմիջապես հետևեց գանձապետի բացատրությունը, թե սխալ հաշվարկներ են կատարվել և իրականում 0.03%-ով գերակատարվել է: Վ.Խաչատրյանի գնահատականով, իրականում բյուջեն թերակատարվել է և լուրջ խնդիրներ են առաջացել եկամուտների մասով:
«Իրականում ՀՀ տնետսությունը գտնվում է խորը ճգնաժամի մեջ և դուրս գալու ճանապարհը մեկն է՝ համակարգային փոփոխություն: Որևէ առանձին քայլ արդյունք չի կարող տալ, հարկավոր է համակարգային փոփոխություն»,- կրկին շեշտեց Վ.Խաչատրյանը:









































