Մեր ժողովրդի համար «նկարագրային գիծ» է անընդհատ թողնել երկիրն ու գնալ։ Դա զարմանալի չէ, միշտ էլ եղել է ու կլինի: Մարդկային ռեսուրսների, պաշարների տեղաշարժը միշտ լինում է։ Դրա համար պետք չէ այն ողբերգականորեն ներկայացնել։ Այս մասին «Առաջին լրատվականի» հետ զրույցում, վերլուծելով արտագաղթի պատճառները, ասաց լիբանանահայ հապարակախոս, բանաստեղծ Սագօ Արեանը։
«Պետք է ընդունել, որ ժողովրդի մի անհանգիստ հատված ուզում է ավելի լավ պայմաններ ստեղծել իր համար, չնայած այդ նույն գնացողը մի օր պիտի հասկանա, որ «ղալաթ է արել», սխալ է արել»,- ասաց Ս. Արեանը՝ նշելով, որ վերջիններս հաճախ ունենում են հոգեբանական բնույթի խնդիրներ։
«Հայաստանցիները նեղացած են հայրենիքից, բայց հայրենիքից չեն նեղանում։ Իրենց մոտ ձուլումը տարբեր տեմպերով է արտահայտվում։ Կտրվում են ամեն ինչից, հայ զանգվածի հետ չեն շփվում, եկեղեցի չեն հաճախում»,- նշեց հրապարակախոսը, ընդգծելով, որ խոսքը Միջին Արևելքում բնակվող հայաստանցիների մասին է, որոնց մոտ նկատվում է «քենի արտահայտություն»։
Արտագաղթի տեմպերը դանդաղեցնելու համար, նրա կարծիքով, պետք է ստեղծել «ավելի լավ հայրենիք», ավելի լավ պայմաններ, և պետք է «բոլորս մաքառենք»։ Դրա համար պետք է ստեղծել քաղաքական դաշտ, որի առկայության դեպքում մարդիկ չեն մտածի հայրենիքից հեռանալու մասին։
Ս.Արեանի խոսքով, շատ կարևոր է, որ ներկայում արտագաղթի մասին խոսելիս դա չներկայացվի որպես ողբերգություն։ «Բոլոր ազգերում էլ լինում է, բոլոր երկրներում առկա է այդ վիճակը՝ արտագաղթ, արտագաղթ, արտագաղթ… Դրա համար էլ հարկավոր է ընդունել ու առաջ շարժվել»,- խոսքը եզրափակեց հրապարակախոսը։










































