Ֆիզիկայի ֆակուլտետ գնալը պետք է համարվի հայրենասիրության բարձրագույն դրսևորում, դա պետք է քարոզվի բոլոր մակարդակներով։ Մենք թևակոխել ենք 5-րդ սերնդի պատերազմի դարաշրջան։ 5-րդ սերնդի պատերազմը տարբերվում է նրանով, որ լրիվ տեխնոլոգիական է։ Փաստացի այս պատերազմում մեր զոհերի, կորուստների 90 տոկոսը պայմանավորված չէ դասական մարտերով, այլ թշնամու տեխնոլոգիական առավելությամբ։ Հիմա իրենք առավելություն ունեն օդում, տարիներ հետո, ակնհայտ է, այն կլինի գետնի վրա, ցամաքում։ Ռոբոտ զինվորներ են լինելու, արհեստական բանականությամբ օժտված կամ կառավարվող՝ ոզնիակերպ կամ այլ ռոբոտներ, որոնք կարող են մտնել ու պայթեցնել բլինդաժներ, կիրառվելու են նոր կենսաբանական ու քիմիական զենքեր և այլն։ Ակնհայտ է, որ մենք թևակոխել ենք տեխնոլոգիական պատերազմի դարաշրջան։ Այդ տեխնոլոգիական մոդեռնիզացիան մեր ազգի մոտ դոկտրինային պետք է լինի վերից վար։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Իշխանյանը։
«Թուրք ֆիզիկոսները ստեղծել են Բայրաքթարը, հիմա արդեն ստեղծում են դրանից ավելի հզորը, ուժեղը։ Այս օրերին էլ փորձարկումներ են արել։ Ինչո՞ւ եմ սա ասում։ Գիտա-տեխնոլոգիական մոդեռնիզացիան պետք է լինի մեր ընտանիքներում, մեր բոլորի տանը, գիտակցության մեջ»,- ասաց ֆիզիկոսը։
Նրա խոսքով՝ մի քանի պարզ ցուցանիշներ պետք է հաշվի առնել, նախքան խոսելը գիտության զարգացման մասին։ «Գոյություն ունի պարզ ցուցանիշ՝ ՀՆԱ-ի մասհանում։ Այդ մասհանումը Թուրքիայում կազմում է ՀՆԱ-ի 1 տոկոսը, Իսրայելում գիտությանը հատկացվում է ՀՆԱ-ի 4 տոկոսը, Հայաստանում՝ 0,2։ Հայաստանը զբաղեցնում է վերջին տեղերից մեկը։ Քանի դեռ չկա արմատական փոփոխություն այս առումով՝ խոսել որևէ բանից անիմաստ է։ Մենք հիմա փորձում ենք թուրքական Բայրաքթարներից պաշտպանվելու համակարգ ստեղծել, զբաղված ենք դրանով, ու ասեմ պարզ բան՝ նյութատեխնիկական բազան զրո է, 30 տարվա մեջ գումար չի հատկացվել այդ ուղղությամբ։ Եթե դուք ուզում եք տուն կառուցել, առանց ցեմենտի, քարի, բահի, քլունգի կարո՞ղ եք անել։ Իհարկե ոչ»,- մտահոգություն հայտնեց պրոֆեսոր Արթուր Իշխանյանը։ Նրա խոսքով՝ կա՛մ մենք կգիտակցենք գիտության կարևորությունն ու գիտության վերաբերյալ կունենանք տարրական պատկերացում, կա՛մ մենք դատապարտված ենք:
«Նորագույն ռազմական մշակումների, մասնավորապես՝ Բայրաքթարի ստեղծման վրա ծախսվել է 270 մլն դոլար։ Դա մեր 15 տարվա գիտության ֆինանսավորումն է ընդհանրապես։ ՀՆԱ-ից 0,2 տոկոս հատկացում անելով խոսել որևէ բանի մասին՝ անիմաստ է։ Սովետական Միության ժամանակ մենք ունեինք 32 հազար գիտնական, այսօր ունենք ընդամենը 3000, որի կեսը՝ հասարակագետներ»,- նշեց մեր զրուցակիցը, ապա նաև խոսեց գիտության միջին տարիքի մասին, որը, ըստ կարգի, պետք է լինի մինչև 45 տարեկանը, այնինչ Հայաստանում գիտնականների միջին տարիքը 70-ին մոտ է։
«Հայաստանում գիտնականների թիվը այսօր երկու անգամ պակաս է աշխարհում միջինից։ Գտնվում ենք վերջին տեղում։ Հանրապետությունում գիտնական էլ չկա։ Եղածների կեսն էլ հասարակագետներ են։ Սա կատաստրոֆա է։ Մեր ինստիտուտը, որը լավագույններից մեկն է, այսօր ունի 80 գիտաշխատող, որից 50-ը 60 տարեկանից բարձր են»,- մտահոգություն հայտնեց ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Իշխանյանը։










































