Հայ Առաքելական եկեղեցին տարվա մեջ սահմանել է 5 օր՝ տաղավար տոներին հաջորդող մեռելոց օրեր, երբ քրիստոնյաները կարող են այցելել իրենց հարազատների շիրիմներին: ՀՀ կառավարության որոշմամբ, մեռելոց օրերը սահմանվել են ոչ աշխատանքային:
Որքանո՞վ էր նպատակահարմար կառավարության այս քայլը՝ «Առաջին լրատվականը» խնդրեց մեկնաբանել կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանին. «Դա այն հարցն է, որին մի քիչ հանգիստ եմ վերաբերվում, որովհետև եթե կա ինչ-որ կանոն, այն պետք է կատարվի, ու եթե մենք կանոն սիրող ազգ ենք, պարտավոր ենք կանոնին ենթարկվել»: Տարբեր երկրներում կան ազգի պատմությանը, սովորույթներին հատուկ ոչ աշխատանքային օրեր, և ըստ Հ.Մեսրոբյանի, դա չէ մեր խնդիրը:
Այն հարցին, թե արդյոք աշխատանքը չի՞ տուժում դրանից, Հ.Մեսրոբյանը պատասխանեց, որ ՀՀ-ում աշխատանքը տուժում է նրանից, որ ընդհանրապես աշխատանք չի կատարվում, ուզում է՝ աշխատանքային օր լինի, ուզում է՝ ոչ աշխատանքային:
Հ.Մեսրոբյանի խոսքով՝ աշխատանքային օրերին արդյունք տալու փոխարեն շատ ժամանակ այնպիսի վնաս է տրվում, որ ավելի լավ կլիներ մի շարք պաշտոնյաներ չաշխատեին. «Օրինակ՝ մաքսայինի աշխատանքային օրերը լա՞վն են: Եթե այս կամ այն կառույցն իր պարտականությունները չի կատարում կամ կատարում է այլ նպատակներով, թող իրենց համար միշտ մեռելոց լինի»:









































