Մոսկվայում ոստիկանությունը ցրել է Տվերսկայա կենտրոնական փողոցով անցնող ընդդիմադիրների երթը:
Մինչ երթը սկսելը ցուցարարները մոտ երկու ժամ նստած էին գետնին և, առանց խոչընդոտների, կարգախոսներ էին վանկարկում: Այն պահից, երբ ամբոխը շարժվեց Տվերսկայա փողոցով, ոստիկանները կոպտորեն միջամտեցին և, շարասյունը ճեղքելով երկու մասի, սկսեցին բռնություն կիրառելով ցրել ցուցարարներին: Ընդ որում, ընդդիմադիրների խոսքերով՝ երթի մասին նույնպես հայտարարված է եղել պաշտոնական հայտում:
Ձերբակալվել են մի քանի տասնյակ ցուցարարներ։ Ավելի ուշ գրեթե բոլորին ազատ են արձակել: Երկու հոգու կարգուկանոնի խախտման մեղադրանք է ներկայացվել:
Չնայած երթի ժամանակ գրանցված բռնություններին՝ նստացույցի մասնակից ընդդիմադիր գործիչ, գրող Էդուարդ Լիմոնովը սա հաղթանակ է համարում. «Այն, որ մարդկանց սկսեցին ձեռբակալել տհաճ է, բայց ողբերգություն չէ»,- հայտարարել է նա լրագրողներին:








































