Грузия Online-ի փոխանցմամբ՝ վրացական «Ասավալ-Դասավալի» թերթին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն հայտարարել է, որ անգլերեն լեզվի մշտական քարոզչությունը և անգլերենի ուժեղացված ուսուցմանն ուղղված տարբեր ծրագրերը սպառնալիք են ստեղծում պետական լեզու հանդիսացող վրացերենի համար.
«Օտար լեզուների իմացությունը պետք է ողջունել միայն այն բանից հետո, երբ Վրաստանի յուրաքանչյուր բնակիչ կտիրապետի վրացերենին։ Պետությունը պետք է ունենա իր լեզուն, կրոնը։ Դա նրա անկյունաքարն է, որի վերացումից հետո այն կմնա առանց ապագայի»։
Շևարդնաձեն նաև վրացական իշխանություններին կոչ է արել ամեն գնով նպաստել ռուս-վրացական հարաբերություններում Վրաստանի պատրիարք Իլյա Բ-ի ձեռք բերած «բեկման» զարգացմանը. «Կիևում Ռուսիո պատրիարք Կիրիլ Բ-ի հետ հանդիպման ժամանակ հայտարարվեց, որ Աբխազիան և Հարավային Օսիան Վրաստանի անքակտելի մասն են։
Եթե Սաակաշվիլին ցանկանում է մնալ Վրաստանի առաջնորդ, ապա նա պետք է բոլոր ուղիները որոնի Մոսկվայի հետ երկխոսություն սկսելու համար։ Թեև Սաակաշվիլիին չեմ սիրում, այնուամենայնիվ գոհ կլինեմ, եթե Վրաստանի նախագահն ընդհանուր լեզու գտնի Ռուսաստանի նախագահի հետ»։









































