Թուրքական Vatan թերթի փոխանցմամբ՝ Դիարբեքիրի 2-րդ ռազմական դատարանում տեղի է ունեցել ապրիլի 24-ին Բաթմանի Քոզլուք շրջանում ծառայող Սևակ Բալըքչըի սպանության դատական նիստը, որը տևել է 13 ժամ։
Նիստի արդյունքում դատարանը հանգել է այն եզրակացության, որ Սևակին «անզգուշաբար» սպանած նրա ծառայակից Քըվանչ Աղաօղլուն փախչելու համար որևէ առիթ չունի, ինչի համար էլ ազատ է արձակել նրան՝ փոխելով կալանքի միջոցը։
Դատարանի այդ որոշմամբ՝ մարդասպանն ազատ է արձակվել բանտից, ուր գտնվել է 3 ամիս։ Այնուամենայնիվ, նրան դեռ սպառնում է մինչև 9 տարվա ազատազրկում։
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին հրազենով Սևակին «անզգուշաբար» սպանել էր նրա ծառայակից Քըվանչ Աղաօղլուն: Դրանից հետո պարզվեց, որ Աղաօղլուն ազգայնական է, ինչի մասին վկայում են Facebook սոցիալական ցանցում ազգայնական բնույթի նրա հրապարակումները:
Իսկ ահա Սևակ Բալըքչըի նշանած Մելանի Քումրույանի խոսքերով, սպանությունից մեկ ամիս առաջ զորամասում Սևակին սպառնացել են այրել. «Պարեկություն կատարելիս զինծառայողներից մեկը կորցրել է 50 թուրքական լիրա (ավելի քան 30 ամերիկյան դոլար), ինչի համար հրամանատարը մեղադրել է Սևակին ու նրա ընկերոջը և երկուսին ծեծի ենթարկել: Սևակը բողոքել էր հրամանատարի դեմ, սակայն սպառնալիքների ներքո ետ էր վերցրել իր բողոքը: Նրան սպառնացել էին այրել»:
Ի դեպ, նախքան սպանվելը, Սևակին մնացել էր ընդամենը 23 օր զորացրվելու համար։ Սևակի սպանությունից հետո Թուրքիայում ի հայտ եկան նոր պաստառներ ու կարգախոսներ. 1,500,000+1+1 (1915 թվականին Հայոց ցեղասպանության ժամանակ զոհված 1.5 միլիոն հայերը, 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքը և այս տարվա ապրիլի 24-ին թուրքական բանակում սպանված Սևակ Բալըքչըն)։








































