«Փեթակ» առևտրի կենտրոնի առևտրականների պահանջին լուծում է տրվել։ Բանակցությունների արդյունքում առևտրի կենտրոնի աշխատողներն ու տնօրինությունը կոմպրոմիսի են եկել, տաղավարները բացվել են, իսկ տնօրինությունը խոստացել է զեղչեր կիրառել։ Այս մասին «Առաջին լրատվական»-ին ասացին էկոնոմիկայի նախարարությունից՝ հավելելով, որ խնդրի հետ կապված առավոտյան տոնավաճառ էր այցելել փոխնախարար Վարոս Սիմոնյանը։
Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեցին նաև տոնավաճառի առևտրականները, որոնք այսօր էլ տաղավարները չէին բացել ու սպասում էին լուծման։ «Էկոնոմիկայի փոխնախարարի հետ անձամբ ենք խոսել։ Որոշում է կայացվել 30 տոկոս զեղչ իրականացնել։ Ճիշտ է, մենք 50 տոկոս էինք ուզում, բայց 30 տոկոս արեցին, որը էլի բան է ու կկարողանանք աշխատենք ու բանակին էլ օգուտ տալ։ Մենք էս կռիվը տալիս էինք, որ զեղչ լիներ ու մնացած մասն էլ տայինք բանակին։ Զեղչը վերաբերում է 1000-1200 աշխատողին՝ իրենց տաղավարներին»,- ասաց Սարգիսը։
Հիշեցնենք, որ երեկ Երևանի «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցները գործադուլ էին իրականացնում։ Նրանք չէին բացել առևտրի տաղավարները և պահանջում էին, որպեսզի առևտրի կենտրոնի տնօրինությունը նվազեցնի կամ զեղչեր կիրառի տաղավարների վարձավճարների մասով։ Առևտրականների խոսքերով՝ կորոնավիրուսով և վերջին մեկ ամիսն էլ պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ բացարձակ առևտուր չի իրականացվում, և իրենք այդքան գումար չունեն, որ տեղի վարձավճարները վճարեն։ «Եթե անգամ 1000 դրամի առևտուր չենք անում, ոնց տեղի փող տանք։ Այլևս անհնար է այսպես աշխատելը։ Տաղավարներ կան, որ շաբաթներով մարդ չի մտել։ Խաղալիքների, հագուստի և այլ բաժիններ։ Պետք է տնօրինությունը ըմբռնումով մոտենա այս իրավիճակին։ Երբ լավ առևտուր է լինում, առանց մեզ ասելու միանգամից բարձրացնում են գները, իսկ երբ առևտուր չկա, ոչ էլ ուզում են մեզ ընդառաջ գնան։ Պատկերացրեք՝ ինչ վիճակ է, որ մենք այս պատերազմական վիճակում դուրս ենք եկել ակցիա ենք անում»,- երեկ մեզ հետ զրույցում դժգոհել էին առևտրականները։









































