Այս օրերին Արցախում ադրբեջանա-թուրքական ագրեսիան ու խաղաղ բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը միջազգային կառույցների կողմից արժանանում է կողմնակալ գնահատականի։ Դա կանխելու նպատակով վաղը, ժամը 13։00-ին, նախատեսված է բողոքի ցույց ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակի մոտ։
Ակցիայի կազմակերպիչներից Արմինե Մելքոնյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ ակցիայի բուն նպատակն է ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակի ղեկավարին համոզել, որ չպետք է միայն Գյանջայի կողմից լալահառաչ հրապարակումներ անել, իբրև ադրբեջանական կորուստ, այլև պետք է լուսաբանվեն Ստեփանակերտում, Շուշիում կատարվողը, խաղաղ բնակչության շրջանում վիրավորները ու զոհերը։
«Ճիշտ է, ՄԱԿ-ը չի ճանաչում Արցախի ինքնորոշումը, բայց մենք վկայակոչում ենք ՄԱԿ-ի այն սկզբունքը, որ ոք չպետք է անտեսվի։ Հենց այս սկզբունքով ենք մենք վաղը գնում գրասենյակի մոտ։ Ոչ ոք չպետք է անտեսվի, առավել ևս՝ Արցախը։ Պահանջում ենք ներկայացուցչից որպես ականատես լինել Ստեփանակերտում, Վարդենիսում, Հադրութում, Մարտակերտում և իր աչքերով տեսնել Շուշին։ Ստիպելու ենք արդարացի գնահատական հնչեցնել ահաբեկիչների հարձակումից տուժած բնակավայրերի ու մարդկանց մասին»,- ասաց մեր զրուցակիցը։
Նա նշեց, որ ակնկալիք իհարկե ունեն, որ գրասենյակը ռեալ քայլեր կիրականացնի, քանի որ այնտեղ, որտեղ ուժն է տիրում, օրենքը որոշակիորեն տեղի է տալիս։ «Եթե մենք ցույց տանք, որ համախմբված ենք, հավատացեք, որ իրենց օրենքները ու որոշումները որոշ չափով կկայացվեն հենց մեր հավաքների ու բարձրացրած ձայնի շնորհիվ։ Ակնկալիքը շատ մեծ է»,- ասաց Արմինե Մելքոնյանը։











































