Թուրք ժողովուրդը սկսել է գիտակցել, որ «պարանոյայով տառապող» Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականությունն իրենց վրա թանկ կնստի և երկրի տնտեսությունը սրընթաց անկում կգրանցի: Այս մասին, հոկտեմբերի 15-ին, Saudi Gazette պարբերականի էջերում գրել է քաղաքական մեկնաբան Համուդ Աբու Թալիբը:
Թուրքիան բախվում է իր արտահանման համար կարևոր շուկաներ, հատկապես Սաուդյան Արաբիայի շուկան, կորցնելու վերահաս վտանգին այն բանից հետո, երբ արաբական ամենախոշոր միապետությունում «թուրքական ապրանքների բոյկոտ» անվանումով արշավը վճռորոշ փուլ է մտել՝ ստանալով հասարակության խանդավառ աջակցությունը: Բոյկոտի կոչն անմիջապես խուճապ է առաջացրել թուրք արտահանողների մոտ, պնդում է հեղինակը:
Իրավիճակից անհանգստացած՝ Թուրքիայի արտահանողների ասամբլեան, Թուրքիայի պալատների և ապրանքային բորսաների միությունը և տարբեր ոլորտներում երկրի բիզնես խմբերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում Էրդողանի կառավարությանը կոչ են անում «բարելավել վարքագիծը և հարաբերություններն այն երկրների հետ, որոնք թուրքական ապրանքների վաճառքի շուկաների առաջատարն են»: Նրանք նաև նշել են, որ այդպիսի երկրները կարևոր են ոչ միայն իրենց հետ բիզնես վարելու, այլև զբոսաշրջության տեսանկյունից, քանի որ այս ոլորտը Թուրքիայի տնտեսության ողնաշարն է, նշում է Թալիբը:
Իրենց հայտարարության մեջ նրանք մասնավորապես նշում են Սաուդյան Արաբիան, որի գործարարները միլիարդավոր դոլարներ են մղում Թուրքիայի անշարժ գույքի շուկա: Բացի այդ, սաուդցի զբոսաշրջիկները տարեկան հսկայական գումարներ են ծախսում Թուրքիայի քաղաքներում ու հանգստավայրերում: Արաբական միապետությունից ժամանած հյուրերը դեպի Թուրքիա արտարժույթի հոսքի ամենամեծ աղբյուրներից են. երկիրը մինչ վերջերս ընդունում էր տարեկան շուրջ 800 հազար սաուդցի զբոսաշրջիկ:
Նրա խոսքով, այսօր Սաուդյան Արաբիայի քաղաքացիները շրջվում են, երբ որևէ ապրանքի վրա թուրքական պիտակ են տեսնում: Միջազգային ընկերությունները սկսել են այլընտրանք փնտրել Թուրքիային՝ իրենց արտադրանքի արտադրության համար:
Համուդ Աբու Թալիբը կարծում է, որ Թուրքիայի ղեկավարն իր երկրի համար «Շարր-Դողան» է կամ «չար Դողան»:
«Նա փլուզել է Թուրքիայի քաղաքական կյանքը, երկրի տնտեսությունը, հարաբերություններն առավել կարևոր բարեկամ երկրների հետ, չնայած այն բանին, որ գիտեր, որ արաբական երկրներում իր զավթողամոլական նկրտումները պարզապես պատրանք են, որոնք շուտով կվերանան: Նա հիմար քաղաքական ինքնասպանություն է գործում և, ի վերջո, Թուրքիային տանում է դեպի կործանում»,- եզրափակել է հեղինակը:
Հիշեցնենք, որ սաուդյան արքայազն Աբդուլրահման բին Մուսաադն այս շաբաթվա սկզբին կոչ էր արել բոյկոտել թուրքական ապրանքների ներմուծումը արաբական ամենամեծ միապետություն այն բանից հետո, երբ նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիայի զինված ուժերը Պարսից ծոցում օգնում են կայունացնել իրավիճակը Քաթարում:










































