Սոցիոլոգ Գայանե Ղազարյանը անդրադարձել է մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանի դատական գործընթացին, երբ վերջին դատական նիստին հրավիրված են եղել անչափահաս երեխաներն իրենց ծնողների հետ միասին, որոնք Սերոբ Տեր-Պողոսյանին դատապարտելու փոխարեն, լրագրողներին են թշնամի համարում:
– Գայանե, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանի դատական գործընթացը: Սակայն ի զարմանս բոլորի՝ երեխաների ծնողները մեղադրում են լրագրողին, անգամ թշնամի համարում, վախեցնում: Սա ինչի՞ հետևանք է, բարոյալքությա՞ն…
– Թեպետ կարծում եմ՝ նման լրջության հարցեր քննարկելիս լավ կլիներ համոզված լինել, որ դեպքը չափազանցություն չէ, այնուամենայնիվ, տեղյակ լինելով մեր իրականությանը՝ դեպքը բոլորովին տարօրինակ չի թվում:
Եկեք փորձենք իրականությունը ֆրագմենտար դիտելուց ու բարոյական ինչ-ինչ կոդեքսների շրջանակներում զարմանալուց բացի, եղածը տեղավորել այն ողջ տրամաբանության և այն ողջ ախտանշանների համակարգում, որոնց մինչ օրս բախվել, բայց անտեսել ենք: Ոչ վաղ անցյալում տեղի ունեցավ 8 տարեկան մի աղջկա բռնաբարություն, ով այնքան էր վնասվել, որ ստիպված էին եղել հեռացնել կանացի օրգանները: Երեխան սարսափելի հոգեբանական վիճակում էր, կրկնում էր, որ չի ցանկանում ապրել, սակայն երբ հոգեբանների կողմից երեխային հոգեբանական աջակցության առաջարկ էր եղել, ծնողները մերժել էին՝ ասելով. «Դե էրեխա ա, կանցնի»: Թե ինչով ավարտվեց պատմությունը՝ չգիտեմ, սակայն պատասխանն ինքնին սահմռկեցուցիչ էր: Երբ բացահայտվեցին Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցում կատարվող զարհուրելի սադիզմն ու մանկապղծությունը, դատը, ինչպես և թելադրում էր «տրամաբանությունը», հարուցվեց Մարիամ Սուխուդյանի՝ բացահայտողի հանդեպ: Սրանք ընդամենը ախտանշաններն են, որոնք հանդիպում են ամեն քայլափոխի:
Իսկ պատճառները պետք է փնտրել այն աշխարհայացքի ու հասարակական այն փոխհարաբերությունների շրջանակներում, որոնք մեզանում գերիշխում են, և ոչ թե ինչ-որ միֆական դեգրադացիայի արդյունք են, այլ հենց «ավանդական» հասարակության կամ նրա որոշակի էվոլյուցիայի դրսևորում: Մեզանում ծնողի կողմից երեխայի ներաշխարհի հանդեպ անընկալունակության, անտարբերության, ինչ-որ տեղ երեխային որպես անուղեղ, անզգամ կենդանու դիտելու լավագույն քվինթէսենցիան Հ.Թումանյանի «Մարո»-ն է, որը մեր «մեկնողների» կողմից ինչ հիացական գնահատման ասես արժանացել է, բայց ոչ երբեք տողատակի ընթերցման ու հասարակության դիագնոզի դուրսբերման կամ «նախազգուշացման» նշմարման: Ի դեպ, հայ գրողների կողմից քիչ չեն դուրս հանվել մասնավորապես սեռական կյանքի տրավմաների հանդեպ հայ հասարակության բացարձակ անհասկացողության խնդիրները, ինչը մատնանշում եմ ընդամենը ցուցադրելու, որ հարցը նոր չէ: Ի դեպ, էլ ավելի թերզարգացած ու հետամնաց երկրներում, ըստ օրենսդրության, մեղավոր է բռնաբարված կինը, այլ ոչ բռնաբարող տղամարդը: Նման անհամարժեքություն առկա է նաև մեզանում և հատկապես երեխաների հանդեպ:
Նոր չէ նաև ընտանիքի անդամների կողմից կնոջը կամ երեխային որպես սեռական օբյեկտ դիտելու, սակայն շրջապատի աչքերում բարոյական լինելու պատրանքն ապահովելու համար անպայման «ջայլամի մորթու տակ թաքնված լինելո՛վ» նրանց ակտիվ գործողությունների մղելու մշակույթը, ինչն առավել տարածված է մարզերում, որտեղ կանայք իրենց ամուսինների իմացությամբ զբաղվում են մարմնավաճառությամբ:
Այս երևույթները, թեպետ առերես կարելի է կապել տնտեսական ծանր պայմանների և իբր դրանից բխող բարոյական նորմերի անկման հետ, սակայն իրականում հայ հասարակությունն ունեցել է և՛ հարուստ, և՛ աղքատ ժամանակաշրջաններ, իսկ այս մշակույթը մնացել է նույնը:
Ուստի ես առավել հակված եմ պատճառները գաղութային կենսաշխարհի մեջ փնտրել, որում ֆինանսական ապահովությունը չի կարող բերել հագեցման, քանի որ գոյություն չունի ո՛չ ունեցվածքի պաշտպանվածություն, ո՛չ կենսագործունեության ոլորտի փոփոխման (իրավունքների ձեռքբերման, առաջընթացի երաշխավորման և այլնի) հնարավորություն:
Այստեղից էլ բխում է մասնավորապես քննարկվող ոլորտում վաղուց ի վեր հաստատված «փոխշահավետ բիզնես–լռության» ֆենոմենը:
Եթե այս ոլորտը լիներ սպեցիֆիկ, հայ հասարակության հայրենասիրական ողջ աշխարհայացքը բոլո՛ր ոլորտներին առնչվող «անբարենպաստ» հարցերում անընդհատ չէր գա, հանգի «լռելու», «կեղտը տանից չհանելու» «հրամայականին», և նաև՝ այդքան ուժգին չէր լինի այդ իմպերատիվին չենթարկվելուն հետևող ռեակցիան՝ «օրինախախտի» սանկցավորումը՝ «ազգի դավաճան» ու «ազգի միասնության խարխլող» պիտակումը, որոշ դեպքերում՝ բանտարկությունը: Պատճառն այն է, որ հենց միայն «խոսող» վարքն է, որ դեստրուկտիվ է նման համակարգի համար, որտեղ ձևավորվել է սեքսուալ շահագործողի ու շահագործվողի գերդաստանի (ծնողների, ամուսնու, կնոջ և այլն) ֆինանսական փոխշահավետ գործարք՝ հյուսված բազմաթիվ և դեռ չուսումնասիրված թելերով և ամենակարևորը՝ գործոնների շարքից դուրս մղելով և՛ հոգեբանական, և՛ բարոյական, և՛ մարդկային, և՛ այլ բազմաթիվ հանգամանքներ:
Ձեր տված հարցը չունի մեկ կամ տաս էջանոց պատասխան: Ձեր տված հարցը գիտնականների ուսումնասիրման հսկայական դաշտ է, որն այնքան ժամանակ կմնա չուսումնասիրված, քանի դեռ գիտնականներն իրենք կրողն են այս վարքուբարքը ծնող աշխարհայացքի, իսկ նրանց մեծ մասը, ցավոք, լռում են: Ինչպես մի անգամ ասաց ինձ իմ կոլեգաներից մեկը, որն ի դեպ տիրապետում է ադմինիստրատիվ որոշակի լծակների՝ «լրագրողներն ունեն չարտահայտմա՛ն ազատություն»։ Եվ դա ոչ թե փաստի ֆիքսում էր, այլ իր կողմից ցանկալի իրավիճակի մատնանշում:









































