Հակառակորդը հրթիռով խոցել է Շուշիի Սուրբ Ղազանչեցոցը՝ Արցախի մարգարիտի, նաև արցախյան առաջին պատերազմի հաղթանակի խորհրդանիշ Ղազանչեցոցը: Այն, որ մեր դեմ ոչ միայն ահաբեկիչներ, այլև վանդալներ են, չկար որևէ տարակույս անգամ մինչև եկեղեցուն ուղղված հարվածը: Նրանք, ովքեր եկեղեցուն են հարվածել այսօր, տարիներ առաջ Ջուղայում ոչնչացնում էին հայկական բացառիկ խաչքարերը: Դրանից, սակայն, հայկական քաղաքակրթությունը չէ, որ ոչնչանում է:
Մենք ականատես ենք լինում ադրբեջանական ինքնաոչնչացման, որ արտահայտվում է Իլհամ Ալիևի անձնական խնդիրների ու բարդույթների ներքո: Եկեղեցուն ուղղված հարվածը նրա արդեն հոգեբանական ախտածին վիճակի մասին է, որովհետև քաղաքական ախտածին վիճակն այլևս իրականություն է: Եթե պատերազմը սկսվել էր նրա քաղաքական ախտահարվածության հետևանքով, ինչը Թուրքիային օգնեց դարձնել նրան սեփական գործիք, պատերազմի շարունակությունն այլևս հոգեբանական ախտահարվածության հետևանք է, քանի որ Ալիևը հասկացել է, թե ինչ իրավիճակում է հայտնվել թուրքական գործիք դառնալով: Ներկայումս նա փորձում է հնարավորինս վնասել Արցախը՝ հասկանալով, որ քիչ մնաց: Չհասնելով որևէ առանցքային նպատակի, չունենալով որևէ շատ թե քիչ քաղաքական կամ ռազմական հաջողություն՝ Ալիևին մնացել է վերջինը՝ վնասել որքան կարող է:
Ընդ որում, նրա ճակատագրի հետ այլևս ուղիղ առնչություն չունի այն, թե ինչպիսի ընթացք կունենա քաղաքական գործընթացը պատերազմի ավարտից հետո: Ալիևի ճակատագիրն այլևս կախված չէ այդ գործընթացի բովանդակությունից: Ավելին, այդ գործընթացի բովանդակությունը կառուցվելու է Ալիևի ճակատագրի հաշվին: Դա պարզապես ժամանակի հարց է: Նա սպառել է իրեն, Թուրքիան փորձեց նրանից քաղել առավելագույնը: Առանձին հարց է, թե ինչ ստացվեց Թուրքիայի մոտ, մեծ հաշվով՝ ոչինչ, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ Ալիևը սպառված է, այնքան, որ անգամ ծայրահեղ քամումի ավանտյուրան նրանից չկորզեց ոչ մի էական բան:
Արցախի հարցի խաղաղ գործընթացն այլևս ունի բոլորովին այլ տրամաբանություն: Հին ձևաչափ՝ դեռևս, սակայն բոլորովին այլ տրամաբանություն: Ալիևին մնացել է այնքան ժամանակ, որքան ժամանակ պետք կլինի ռեգիոնալ անվտանգային համակարգում ներգրավված ուժերի միջև նոր տրամաբանության շուրջ հիմնական կոնսենսուսի և Ադրբեջանի ճակատագրի շուրջ որոշակի համաձայնությունների համար: Մինչ այդ Ալիևը Բաքվում սպասելու է իր դատավճռին:
Հայկական դիվանագիտությունն ունի խնդիր՝ անելու առավելագույնը, ընթացքի այս տրամաբանությունը, որ ձևավորվեց առաջին հերթին ռազմաճակատում հայկական զինուժի շնորհիվ, որևէ շեղող անակնկալներից զերծ պահելու համար:








































