Ստեփանակերտի քաղաքապետարանը մշտապես քայլեր է ձեռնարկում հակառակորդի կողմից հրետակոծվող ենթակառուցվածքներին հասցված վնասները վերացնելու ուղղությամբ:
Ասուլիսում այս մասին ասաց Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը:
«Ցավալի փաստ է, որ այսօրվա դրությամբ մեր թշնամին արդեն հասել է նրան, որ ռմբակոծում է քաղաքներն ու գյուղերը: Ստեփանակերտում ուսումնասիրվում են բոլոր ավերածությունները և վնասները: Այս պահին որոշվում է կրած վնասների աստիճանները»,- ընդգծեց Թամրազյանը:
Նա նշեց, որ այսօրվա դրությամբ Ստեփանակերտում բոլոր ենթակառուցվածքները շարունակում են աշխատել իրենց հունով և խուճապի որևէ խնդիր չկա:
«Եթե տապալվում է որևէ ենթակառուցվածք, ապա մեր մասնագետները տեղում փորձում են վերացնել բոլոր այդ վնասները և ապահովել քաղաքի բնականոն կյանքը: Միայն «Արցախգազ»-ի հետ կապված խնդիրը լուծելու համար, անվտանգությունից ելնելով, անջատել էինք: Էլեկտրականության հետ կապված բոլոր խափանումները վերականգնվել են: Առաջիկա մեկ, երկու օրվա ընթացքում Ստեփանակերտում անջատումներ չեն լինելու»,- ասաց փոխքաղաքապետը:
Թամրազյանը հայտնեց, որ ջրամատակարարումն ապահովվում է շուրջօրյա, չի խափանվել: Նա նշեց, որ այս պահին խմբերն աշխատում են, որպեսզի բոլոր ծառայություններն իրենց բնականոն հունով աշխատեն:
Թամրազյանը հավելեց, որ սանմաքրման աշխատակիցներն ամեն օր վաղ առավոտյան դուրս են գալիս աշխատանքի և քաղաքը բերում են իր մշտական մաքուր տեսքին: