«Սա հերթական սրացումը չէ, վերջին պատերազմն է լինելու, որով Թուրքիան այս տարածաշրջանից պետք է դուրս մղվի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց վերլուծաբան Արբակ Խաչատրյանը։
Նրա կարծիքով՝ այժմ ժամանակը չէ խոսելու նախորդ տարիներին գործած դիվանագիտական բացթողումների մասին։ Ըստ մեր զրուցակցի՝ փաստ է, սակայն, այն հանգամանքը, որ Հայաստանն այսօր միայնակ է պայքարում ահաբեկչական պետության դեմ: «Հիմա աշխարհի վիճակն է բարդ, որտեղ էլ լիներ պատերազմը՝ արձագանքը մեծ չէր լինելու։ Այս մեկ տարվա ընթացքում կորոնավիրուսը ստիպել է ամեն մի պետությանը մտածել միայն իր մասին։ Թուրքիայի, Էրդողանի ագրեսիան մարտահրավեր է ամբողջ աշխարհին՝ զարմանալի է, ինչո՞ւ են լռում Եվրոպան, ԱՄՆ-ը, Ռուսաստանը։ Էրդողանի անպատժելիությունը դրդեց նրան օգնել Ալիևին գնալու արկածախնդրության»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Արբակ Խաչատրյանի դիտարկմամբ՝ աշխարհն այլևս նույնը չէ՝ եթե մեկ տարի առաջ լիներ այս պատերազմը, գուցե վիճակն այլ լիներ. «Ֆինանսական սիստեմի փոփոխությունը, վերադասավորումները ևս իրենց դերը խաղացին։ Հայաստանում երկու տարի առաջ իշխանության եկան անփորձ երիտասարդներ, ուշադրություն էին դարձնում ներքին քաղաքականության, թալանը վերականգնելու վրա, արտաքին աշխարհում շատ քիչ աշխատանք գնաց։ Բայց այժմ դրա մասին խոսելու ժամանակը չէ, թշնամիներ ու յուրայիններ փնտրելու ժամանակը չէ։ Հներն էլ էին կռված, ազնիվ մարդիկ, բայց ինչքան փոխվեցին, երբ տեսան իշխանություն ու փող։ Երբ դիվանագիտությունն ավարտվում է, սկսում են կրակել զենքերը»։
Մեր զրուցակցի խոսքով՝ այսօր ոտքի է կանգնած ամբողջ հայությունը, հայ ազգը միայնակ է կռվում ահաբեկիչների, բազմամիլիոնանոց պետությունների դեմ. «Մեր պահպանման միակ երաշխիքը մեր ազգն ու մեր բանակն է։ Ես զգում եմ, որ սա վերջին կռիվն է, տարածաշրջանում ու աշխարհում Թուրքիայի վերացումը պետք է կատարվի։ Այս հարվածը, որ ուտում է հայ ժողովուրդը, պետք է հաղթական ավարտ ունենա։ Ես խնդրել եմ Վրաստանում երիտասարդությանը, մտավորականներին դիմել իրենց հոգևոր առաջնորդին՝ ասելով, որ եթե Թուրքիան Ադրբեջանի հետ է, մենք որպես քրիստոնյա երկիր պետք է լինենք Հայաստանի կողքին։ Մեզ ցավակցություններ պետք չեն, թող միանան մեզ պայքարելու այդ կեղտի, ահաբեկչության դեմ։ Հիշո՞ւմ եք՝ ես այս վտանգի մասին բարձրաձայնել եմ դեռ այն ժամանակ, երբ Իսրայելն ու Ռուսաստանը զինեցին Ադրբեջանին։ Սա մի օր պատահելու էր, միայն մեր ուժն է այսօր մեր հենարանը»։










































