Սկզբնական փուլում պետք է ռազմաքաղաքական դաշինք կնքել Հայաստանի ու Արցախի միջև, որով փորձ կարվի ինչ-որ տեղ նաև իրավական հիմքեր ստեղծել Հայաստանի կողմից Արցախի անվտանգության երաշխավորի կարգավիճակի համար, նաև ընդհանուր առմամբ երկու պետությունների միջև կանոնավոր իրավական հարաբերությունների տեսանկյունից: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը:
«Աշխարհին էլ այդ ձևով ներկայանանք,որից հետո դեպքերի զարգացումը ցույց կտա հաջորդ քայլը ճանաչումը կլինի, թե ոչ: Կարծում եմ, որ այս ճանապարհը կարելի է անցնել»,-ասաց նա:
Հարցին, թե ի՞նչ վտանգներ կան, եթե Հայաստանը միանգամից դնի Արցախի ճանաչման հարցը հատկապես, որ այդ հարցը ևս Հայաստանի օրակարգում է, Բալայանը պատասխանեց. «Բանն այն է, որ հակառակորդն անընդհատ հայտարարում է, թե հայկական կողմը չի ուզում խոսել, չի ուզում հարց քննարկել: Իրականում հայկական կողմը միշտ էլ պատրաստակամությունն է հայտնել բանակցային սեղանի շուրջ նստել ու հարցեր քննարկելի: Անընդհատ փորձ է արվում հայկական կողմին ներկայացնել որպես ագրեսոր, որն ընդհանրապես չի ուզում տարածաշրջանում խաղաղություն լինի:
Սրանով մենք համաշխարհային հանրությանն ինչ-որ տեղ ցույց կտանք, որ մենք պատրաստակամ ենք քննարկելու ցանկացած հարց: Ես համոզված եմ, որ ռազմի դաշտում էլ մենք հաջողություն ենք արձանագրելու, և այդ հաջողությունը դառնալու է այն գրավականը, որ բանակցային սեղանի շուրջ քննարկումներ լինեն: Բայց միաժամանակ աշխարհը պետք է հասկանա, որ մենք ի վիճակի ենք մեզ դրսևորելու ինչպես ռազմադաշտում, այնպես էլ դիվանագիտական ոլորտում: Այսինքն մենք փակ չենք, պատրաստ ենք խոսելու»:
Վահրամ Բալայանը նկատեց, որ այստեղ միայն արցախա-ադրբեջանական հարաբերությունների հարց չէ. «Մենք տեսնում ենք, որ տարածաշրջանը ներքաշվում է ավելի մեծ հակամարտության մեջ՝ Թուրքիայի անմիջական մասնակցությամբ: Դրան գումարվեց երրորդ կողմը՝ արմատական իսլամիստների ներգրավումը: Փաստորեն տարածաշրջանը ներքաշվում է ավելի ծանր կացության մեջ, որը կործանարար կլինի ընդհանրապես այստեղ ապրող ժողովուրդների համար: Չգիտեմ, որքանով է սա գիտակցվում, համենայնդեպս Սիրիայում տեղի ունեցող զարգացումները ցույց են տալիս, որ ոչ ոք չի կարող ասել, թե այդ ամենի մեջ ներքաշվելու հետևանքը ինչ ավարտ կունենա, այդ թվում գերտերությունների համար:
Այնպես որ, մեր դիվանագիտությունը պետք է փորձի տարբեր ուղղություններով աշխատի, պատերազմին զուգահեռ, ցույց տա, որ հայ զինվորն ի վիճակի է խրամատում հաղթող լինել: Մյուս կողմից հայ դիվանագետները պատրաստ են խոսք ասելու»,-ընդգծեց նա:









































