«Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը այսօր հրավիրված ասուլիսում տեղեկացրեց, որ այս տարի հուլիսին ստացվել է արևահարության դեպքի 21 կանչ։ Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում եղել է նույն գանգատով 11 կանչ։ Հուլիս ամսին կանչերի քանակը ընդհանուր առմամբ նույնիսկ երկու հազարով քիչ է, քան եղել է հունիսին։
Հուլիսի վեցին եղել են ամենաշատ կանչերը՝ մոտ 600։ «Ամենաշատը դիմում են սիրտանոթային հիվանդությունների, կոտրվածքների դեպքում։ Սննդի թունավորման գանգատով դիմել է 10 հիվանդ»,- հայտնում է Թ.Ստեփանյանը։
Առողջության պահպանման համար առողջապահության նախարարության հիգիենայի և հակահամաճարակային վարչության ներկայացուցիչ Նունե Բակունցը տալիս է հետևյալ խորհուրդները։
«Այս օրերին խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և հատկապես 12:00-17:00-ը չմնալ արևի տակ։ Պետք է շատ հեղուկ ընդունել:
Սակայն պետք է խուսափել սառը ջուր խմելուց»,- ասում է Ն.Բակունցը։
Բժիշկները հորդորում են արևայրուք ընդունելու դեպքում օգտագործել համապատասխան քսուկներ, արևի տակ անպայման կրել արևային ակնոց։
Պետք է ցերեկը քնել. սա խորհուրդ է տրվում հատկապես երեխաներին։ Ընդհանրապես, եթե չեք քնում, գոնե պետք է պառկած դիրք ընդունել, քանի որ այդ դիրքում արյան շրջանառությունը ավելի լավ է կատարվում։
Սնվելուց անմիջապես հետո պետք է խուսափել դրսում պատրաստվող պաղպաղակից, հյութերից։







































