Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն անդրադարձան վերջին տարիներին բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների քրեական գործերին:
Հիշեցնենք, որ 2011 հունվարի 27-ին ՀՀ նախագահն իր նստավայրում, ճաղերի հետևից զրույց ունեցավ բանակում զոհված զինծառայողների ծնողների հետ և հավաստիացրեց, որ նորանշանակ զինվորական դատախազին կհանձնարարի գործերը վերանայել և բացահայտել:
Հունվարի 29-ին զին.դատախազ Գևորգ Կոստանյանը ընդունել էր ծնողներին: Նա նշել էր, որ գործերը կբացահայտվեն: Մինչև հիմա ծնողները տեղեկացնում են, որ գործերն ընթացքի մեջ են և բացահայտումներ կլինեն, սակայն քննության գաղտնիության պատճառաբանությամբ չի հայտնվում գործերի ընթացքի մասին: Ծնողները սակայն փաստում են, որ որևէ շոշափելի արդյունք կամ առաջընթաց դեռևս չի գրանցվել:
Հանդիպմանը ներկա էր Արայիկ Ավետիսյանի մայրը՝ Անահիտ Մկրտչյանը, ով տեղեկացրեց, որ իր որդին 2001թ-ի հոկտեմբերի 30-ին Վայքում, ՀՀ ՊՆ թիվ 70179 զորամասում, գլխին արձակված կրակոցից էր սպանվել: Շարունակելով՝ Արայիկի մայրն ընդգծեց, սույն գործով որևէ մեկը մեղավոր չի ճանաչվել, ավելին 2011թ. հունիսի 17-ի դատական նիստի ժամանակ, դատավորի այն հարցին, թե գումարտակի հրամանատարին կար արդյոք ամրակցված «ՏՏ» տեսակի ատրճանակ, թե ոչ, քննիչը, անզգուշաբար ուղղակի պատասխանել է, որ հրամանատարը Արցախյան պատերազմում կռված, հեղինակություն վայելող անձնավորություն է: Ուստի Անահիտ Մկրտչյանը պահանջում է, որ իր տղայի սպանության գործը բացահայտվի և մեղավորները՝ գումարտակի հրամանատար Մհեր Ստեփանյանը, պատժվեն:
Ինչպես նշեց Ա. Իշխանյանը, Հելսինկյան կազմակերպությունը շարունակելու է պայքարել խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների քրեական գործերը բացահայտելու համար, քանի որ այն բոլոր ծնողները, ովքեր սկսում են պայքարել նախնական վարկածը հերքվում է, բայց հետո հայտնվում են փակուղում:
«Չեն ուզում իրենց հրամանատարներին դատել: ՀՀ ՊՆ-ը պատասխանատու է յուրաքանչյուր զինվորի արյան համար: Ես զինվորական դատախազության գործը համարում եմ անբավարար, սպանությունները միտումնավոր կոծկվում են: Քննիչները հուսադրում են տղաների բարեկամներին, այնուհետև սկսվում է փակուղին»,- մեկնաբանեց Ա.Իշխանյանը՝ հավելելով, որ դատաիրավական համակարգը փտած է:
Լրագրողներին շրջանում մեծ արձագանք ստացած Արտակ Նազարյանի սպանության դեպքը ներկայացրեց նրա մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը, ով նշեց, որ իր տղային սպանել են դաժանաբար, անմարդկային ձևով, թուրքի աչքի առաջ՝ դիրքերում:
«Ռղայի սպանության մեղավորը գումարտակի հրամանատար Միշա Գաբրիելյանն է՝ գող Միշո մականունով: Ամբողջ նախաքննությունը կեղծված է , գործը լի է հակասություններով»,- հուզվելով նշեց Հասմիկ Հովհաննիսյանը:
Հանդիպմանը ներկա էին նաև Վալերիկ Մուրադյանի և Տիգրան Օհանջանյանի ծնողները, ովքեր նույնպես հավաստեցին, որ սպանությունների բացահայտման գործում որևէ տեղաշարժ չկա:








































